Պարզ է, որ Մխիթարյանը իր ծննդյան օրը նշելու է կավագործների հետ խաղից հետո: «Բրիտանիա» մարզադաշտում Մխիթարյանը սովորականի նման ամեն ինչ անելու է իր թիմի հաղթանակն ապահովելու համար: Իհարկե բացառված չէ, որ հայ ֆուտբոլիստը կարող է իր ծննդյան օրը նվեր մատուցել և՛ իրեն, և՛ իր թիմին: Խոսքը գոլի հեղինակ դառնալու մասին է: Մեր առաջատարը բավական երկար ճանապարհ է անցել կարմիր սատանաների կազմում հանդես գալուց առաջ:
Քանի որ առիթ կա, ապա ևս մեկ անգամ հիշենք, թե ինչպես է ձևավորվել ու ընթացել Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան:
2009 թվականին Հենրիխը, «Փյունիկից» տեղափոխվելով Դոնեցկի «Մետալուրգ», այնքան էլ հաջող մրցաշրջան չանցկացրեց: Սակայն հաջորդ տարի հայ ֆուտբոլիստը սկսեց փայլել «Մետալուրգի» կազմում, ու այդ փաստը դուրս չմնաց Դոնեցկի մյուս ակումբի՝ «Շախտյորի» տեսադաշտից: Այստեղ էլ մեր ֆուտբոլիստին մեկնարկային մրցաշրջանն այնքան էլ չհաջողվեց: Բայց հաջորդ երկու տարվա ընթացքում Հենրիխը դարձավ «Շախտյորի» երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:
2012 թվականին Հենրիխ Մխիթարյանը պարզապես անկասելի էր «Շախտյորի» կազմում: Թիմի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքով` հայ ֆուտբոլիստը լավագույն էր հանքափորների կազմում: 2012 թվականի մայիսին «Սպորտ էքսպրես» թերթի հարցման արդյունքում Մխիթարյանը ԱՊՀ երկրների լավագույն խաղացողի մրցանակին արժանացավ:
Շարունակելով վերելքով հանդես գալ իր թիմի կազմում` Մխիթարյանը նոր ռեկորդների հասավ, որոնք առայժմ անգերազանցելի են: Նախ 2012/13 մրցաշրջանի առաջին շրջանում դարձավ 18 գոլի հեղինակ, ապա 2013 թվականի վերջին խաղում, դուբլի հեղինակ դառնալով «Տավրիայի» դեմ խաղում, իր խփած գնդակների թիվը մեկ մրցաշրջանում հասցրեց 25-ի:
Հայ ֆուտբոլիստի խաղն ու վարպետությունը հիացմունք էր առաջացնում: Եվ դա տեսնում էին բոլորը: 2013 թվականի մրցաշրջանը ֆուտբոլիստը սկսեց արդեն Բունդեսլիգայում՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Երբ 2016 թվականին Մխիթարյանն արդեն տեղափոխվում էր Անգլիա, Դորտմունդում ոչ ոք համաձայն չէր այդ տեղափոխությանը: Սակայն 2013-ին Հենրիխի տրանսֆերը շատերը համարում էին չհաջողված:
Հայ ֆուտբոլիստին միանգամից չհաջողվեց ընդգրկվել « Բորուսիայի» խաղային ձեռագրի մեջ: Սակայն մեծ աշխատասիրությունը, ինտելեկտը և սիրած խաղի հանդեպ նվիրվածությունն իրենց գործն արեցին: Մխիթարյանը Յուրգեն Կլոպի օրոք դարձավ «Բորուսիայի» առանցքային խաղացողներից մեկը, իսկ Թոմաս Թուխելի օրոք արդեն ընդգծված̞ առաջատարներից մեկը: 2015/16 թվականների մրցաշրջանում Մխիթարյանը 15 գոլային փոխանցումներով հավասարը չուներ Բունդեսլիգայում: 90 խաղ անցկացնելով և դառնալով 23 գոլի հեղինակ` հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Անգլիա:
2016 թվականը հերթական փորձությունն էր նախապատրաստել Մխիթարյանի համար: Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում՝ Մանչեսթերյան դերբիում, հայ ֆուտբոլիստն այնքան էլ լավ հանդիպում չանցկացրեց, ինչի հետևանքով հետո ավելի քան երկու ամիս Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին չէր տեսնում իր թիմում: Ֆուտբոլիստի ու մարզչի միջև որևէ խնդիր չկար: Մխիթարյանը շարունակում էր ջանասիրաբար մարզվել, իսկ Մոուրինյոն հետևում էր նրան:
2016 թվականի նոյեմբերի 27-ին Հենրիխը դուրս եկավ փոխարինման «Վեսթ Հեմի» հետ խաղում: Հաջորդ տուրում նա արդեն թիմի մեկնարկային կազմում էր «Էվերտոնի» հետ մրցավեճում: Իսկ դեկտեմբերի 21-ին մեր ֆուտբոլիստն իր խփած հիանալի գնդակով ապահովեց մանկունյանցիների հաղթանակը «Տոտենհեմի» հետ խաղում: 2016 թվականի հիանալի վերջաբանը մեր ֆուտբոլիստի համար եղավ թիմի մեկնարկային կազմում հաստատվելն ու «Սանդերլենդի» դարպասն ուղարկած ֆանտաստիկ գնդակը: Մխիթարյանին կնախանձեր նույնիսկ Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռենե Իգիտան, որը հայտնի էր «կարիճ» հարվածներով:
Մեզ մնում է մեր ֆուտբոլիստին նոր հաղթանակներ ու նոր տիտղոսներ ցանկանալ: Հենրիխ Մխիթարյանը մեր ազգային հավաքականի ավագն է ու առաջատարը: Նրան օրինակով շատ պատանիներ սկսեցին զբաղվել ֆուտբոլով, իսկ մենք սպասում ենք նոր տիտղոսների: Առա՜ջ, Հենրի՛խ։