ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը հրապարակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում։
«Ես «Յունայթեդի» խաղերը սկսել եմ դիտել այն ժամանակ, երբ թիմում խաղում էր Էրիկ Կանտոնը։ Ինձ դուր էր գալիս նայել, թե ինչպես է նա խաղում։ Աչքս պահում էի նաև Անդրեյ Կանչելսկիսի վրա, քանի որ նա ռուս ֆուտբոլիստ էր, դա բավականին հետաքրքիր էր: Սակայն ամենամեծ կուռքս Ալեքս Ֆերգյուսոնն էր»,- ասել է Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը, որը երեք խաղաշրջան է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ամռանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ընթացիկ խաղաշրջանում երեք գոլի հեղինակ է դարձել «ՄՅ»-ի 13 խաղերում։ Դեկտեմբերի 21-ին Մխիթարյանը յոթերորդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Ժամանակին կուռքս Զինեդին Զիդանն էր: Պատճառը ոչ միայն այն էր, թե ինչ էր ֆրանսիացին անում դաշտում, այլ ինչպիսի առաջատար էր: Նա միշտ խոսում էր թիմակիցների հետ և օգնում նրանց»,- ասել է Մխիթարյանը:
Կանչելսկիսը խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1991-1995 թվականներին և ավելի քան 100 խաղ է անցկացրել թիմի կազմում։ Կանչելսկիսը երկու անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել և մեկ անգամ «Յունայթեդի» կազմում Անգլիայի գավաթ նվաճել։ Բացի այդ, կիսապաշտպանն արժանացել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթին։
Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-2013 թվականներին։ 2012/13 խաղաշրջանում նա ավարտել է մարզական կարիերան` նվաճելով Անգլիայի թվով 13-րդ չեմպիոնի կոչումը։ Այժմ շոտլանդացին «Յունայթեդի» տնօրինության խորհրդի կազմում է։