ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ս.թ. հունվարի 1-ից գործատուն այլևս պարտավոր չէ գրառումներ կատարել աշխատողի աշխատանքային գրքույկում և իրավունք չունի աշխատողից աշխատանքային գրքույկ պահանջել:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Այս փոփոխությունները պայմանավորված են Աշխատանքային նոր օրենսգրքով, որի համաձայն 2017թ-ի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից:
Դրանց ամբողջ տեղեկատվությունն առաջիկա 2 տարիների ընթացքում պետք է թվայնացվի և պահպանվի:
Առաջին փուլում կթվայնացվեն այն գրքույկները, որոնց տերերը տվյալ պահին աշխատում են: «Սա շատ ավելի հարմար է այն առումով, որ գրքույկներն արդեն իսկ կենտրոնացած են գործատուների մոտ և նրանց միջոցով այդ աշխատանքները կազմակերպելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասաց Սաիյանը:
Իսկ այն քաղաքացիները, ովքեր տվյալ պահին չեն աշխատում և աշխատանքային գրքույկը գործատուի մոտ չէ, գործընթացի որոշակի փուլում հնարավորություն կունենա իրենց գրքույկն անձամբ ներկայացնել պետական մարմնին:
Այդուհանդերձ, Սմբատ Սաիյանի խոսքով, աշխատանքային գրքույկը շարունակում է մնալ որպես աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթ: «Մենք ոչ թե փոխարինում ենք պահպանվող ինֆորմացիայի մեթոդաբանությունը, այլ թղթային կրիչով առկա ինֆորմացիան պատճենում և պահպանում ենք նաև էլեկտրոնային տեղեկատվական համակարգում»,- ասաց նա:
Պաշտոնական տվյալներով ՀՀ շուրջ 41 000 գործատուների մոտ այս պահին շուրջ 550 000 աշխատողի աշխատանքային գրքույկ կա: Այս ծավալն, ըստ ծառայության պետի տեղակալի, փոքր չէ, և, բնականաբար, նախապես հնարավոր չէ քայլ առ քայլ պլանավորել ողջ գործընթացը: Բայց պատասխանատուները վստահեցնում են, որ մինչև 2019թ-ը ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան անձամբ կամ գործատուի միջոցով ներկայացնել իրենց աշխատանքային գրքույկները թվայնացման: