Գոհար Սարգսյան, Sputnik
-Սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման շրջանում ամենաարդիական թեմաներից մեկը լինում է իմունիտետը։ Շատերը խոսում են դրա մասին` շատ հաճախ չիմանալով, թե ինչ է իրենից ներկայացնում իմունիտետը։ Կարո՞ղ եք ավելի պարզ ու մատչելի լեզվով ներկայացնել։
Այո, շատ ծնողների հուզող թեմա է այս օրերին։ Հաճախակի տրվող հարցերից մեկը հենց դա է։ Ընդհանուր առմամբ, ի՞նչ է իմունիտետը կամ իմուն համակարգը։ Մարդու օրգանիզմը ցանկացած օտարածին նյութի, հիվանդությունների հարուցիչների ընդունակ է պատասխանելու։
Եթե մեկ բառով բնորոշենք, իմունիտետը օրգանիզմի պատասխան պաշտպանողական ռեակցիան է։ Յուրաքանչյուր օրգանիզմ այդ հատկությամբ օժտված է, պարզապես մեկի մոտ շատ լավ են արտահայտված պաշտպանողական մեխանիզմները, մեկ այլ օրգանիզմի մոտ` առավել թույլ։
-Այսինքն` դա նաև գենետի՞կ նախատրամադրվածություն ունի։
Իհարկե, մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը։ Ըստ այդմ, մենք տարբերում ենք բնածին և ձեռքբերովի իմունիտետ։ Ցանկացած ազդակի հանդիպելիս օրգանիզմը սկսում է արտադրել պաշտպանողական մեխանիզմներ, հատուկ հակամարմիններ, որոնք շրջապատում են այդ օտարածին մարմնին և ոչնչացնում։
Իմուն համակարգն ընդունակ է նաև հիշելու այդ օտարածնին և ժամանակի ընթացքում, եթե ևս մեկ անգամ այն հանդիպում է օտարածնին, իմունիտետը հիշում է` ես ունեմ խնդիր, ժամանակին հանդիպել եմ այդ խնդրին, կրկին բուռն քանակությամբ սկսում են արտադրվել հակամարմիններ, և անմիջապես գործում են պաշտպանական մեխանիզմները։
Պատավաստումների դերը հենց այս մեխանիզմներն օգտագործելն է։ Եթե պատավաստանյութը ներմուծվում է երեխայի օրգանիզմ, առաջին հերթին մեր նպատակն է, որ նրա օրգանիզմը ճանաչի այդ օտարածին մարմինը և ստեղծվեն հակամարմիններ։
-Շատերին հետաքրքրում է` իմունիտետն ի՞նչ կառուցվածք ունի և ո՞ր օրգաններն են այն արտադրում։
Կան մի քանի օրգաններ, որոնք մասնակցում են այդ պաշտպանողական մեխանիզմների ձևավորմանը։ Այդ թվում են` նշիկները, լյարդը, փայծաղը, ավշային, արյունային համակարգերը։ Դրա համար էլ կոչվում է համակարգ, բոլոր օրգանները ներդաշնակ աշխատում են այս ուղղությամբ։
-Դուք խոսեցիք պատվաստանյութերի մասին։ Ոմանք քննադատում են, չեն թողնում, որ երեխաներին պատվաստեն, մյուսները կարծում են, որ դա փրկություն է։ Ի վերջո, պատվաստումն իր արդյունավետությունն ապացուցե՞ց թե ոչ։
Այո, պատավաստումների թեման շատ է քննարկվում տարբեր հարթակներում, անգամ սոցիալական ցանցերում ամեն մեկը փորձում է խորհուրդներ տալ, դիրքորոշումը ներկայացնել։
Յուրաքանչյուրի համար, պետք է ասեմ, որ որոշում կայացնողն ինքն է, իսկ դրա համար մարդը պետք է բավականին իրազեկված լինի։
Խոսեմ թվերով։ Նորանկախ հանրապետության տարիներին մեզ մոտ դիֆտերիայի բռնկում եղավ, այդ ժամանակ հիվանդացության 400 դեպք ունեցանք, 34-ը` մահվան ելքով։ Միայն զանգվածային պատվաստումների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը շտկել և վերահսկել։ 2000 թվականից այս կողմ մենք դիֆտերիայի որևէ դեպք չենք գրանցել։
-Որքան տեղյակ եմ, ազատվել ենք ոչ միայն դիֆտերիայից, կան մի շարք այլ հիվանդություններ։
Այո, դրանցից մեկը պոլիոմելիտն է։ Մինչև 1995 թվականը մենք յուրաքանչյուր տարի առնվազն մինչև 2-3 դեպք գրանցել ենք։ Ամբողջ աշխարհում գրանցվում են կարմրուկի, կարմրախտի բռնկումներ։ Իսկ մեր երկրում 2007 թվականից ի վեր այս երկու հիվանդությունների վիրուսի տեղական փոխանցումը չի գրանցվում։ Իհարկե, յուրաքանչյուր տարի լինում են բերովի դեպքեր։
-Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր` բժիշկս ասում է, որ 1000-ից մեկ երեխայի դեպքում կարող է ռեակցիա առաջանալ, ես չեմ ուզում իմ երեխան լինի այդ 1000-ից մեկը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գրառումը։
Դա միայն պատվաստանյութի հետ կապված չէ, այլ վերաբերում է ցանկացած դեղամիջոցի, նույն ռեակցիան կարող է դրսևորվել։ Եթե օրգանզիմն ունի այդ նախատրամադրվածությունը, ցանկացած դեպքում այդ ծանր ռեակցիան կարող է դրսևորվել։ Իսկ ինչպես կարող է ֆեյսբուքյան այդ օգտատերն իրեն ապահովագրել, պետք է հիշեցնեմ, որ, այո, միլիոնավոր պատվաստվածներից կարող է մեկի մոտ զարգանալ, դա ոչ թե պատվաստանյութի առանձնահատկությունն է, այլ օրգանիզմի։
Եթե այդ անհատը հիվանդանա, նրա մոտ ավելի ծանր ընթացք կունենա հիվանդությունը` բազմաթիվ բարդություններով։ Իսկ մարդը չգիտի` իր երեխան որտեղ պետք է ապրի, իր կենսագործունեությունը ծավալի, որ զերծ մնա այդ երևույթներից։