ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում այսօր ցերեկը գազամատակարարումն ընդհատվել է, ինչը բնակչության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել:
Մասնավորապես, գազամատակարարման դադարը հանրության շրջանում վերագրվել է Մեղրիի տարածաշրջանում իրանական գազամուղի շահագործման մասին հայտարարությանը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Նոր Նորքի գազամատակարարման խափանումը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ Մեղրիին մատակարարվող իրանական գազի հետ: «Նոր Նորքում վթար է տեղի ունեցել, որն արդեն վերացված է և գազամատակարարումը վերականգնվել է»,- հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
Ընդ որում, ընկերությունից հայտնեցի նաև, որ գազամատակարարումը վթարի հետևանքով դադարեցվել է ոչ թե ամբողջ Նոր Նորքի տարածքում, ինչպես պնդում էին այս համայնքի բնակիչները, այլ միայն 1-ին զանգվածում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում հայտնվում է, որ Իրանին սահմանակից Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և այս համայնքները մոտ ապագայում Իրանից գազ կստանան: