«Հայկական ժամանակ». ՀՀԿ ցուցակը բազմերանգ է լինելու
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ.-ի ԱԺ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչև դպրոցի տնօրեններ, հիմնարկների ղեկավարներ:
«Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել: Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում և տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է:
Ուստի, ընտրություններին հնարավորինս ձայներ հավաքելու համար որոշել է ցանկացած բնակավայրից իր ռեյտինգային ցուցակ ընդգրկել քիչ թե շատ հեղինակավոր մարդու, և այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ՝ նա ՀՀԿ անդամ է, թե ոչ, կարևորը, որ այնպիսի անձ լինի, որ տվյալ տարածքում կարողանա իր ազդեցությամբ Հանրապետականի օգտին ձայներ բերել: Իսկ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ռեյտինգային թեկնածուի օգտին տրված ձայները մեխանիկորեն հաշվարկվում են տվյալ կուսակցության օգտին՚,- գրում է թերթը:
«Փաստ». Կարեն Կարապետյանն այսօր կդառնա հանրապետական
«Փաստ» օրաթերթը գրում է, որ եթե այսօր երեկոյան կայանա Հանրապետական կուսակցության ԳՄ նիստ, ապա հենց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա այդ կուսակցության անդամ: ՙԲանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան կվերադառնա արտերկրից, և եթե վայրէջքն ուշ ժամի լինի, ապա կհետաձգվի կուսակցության նիստը: Ինչևէ: Կուսակցության առաջիկա նիստում, ըստ մեր աղբյուրի տվյալների, վարչապետը կդառնա ՀՀԿ անդամ: Իսկ հետագայում` ՀՀԿ փոխնախագահ:
Սա մի բան է նշանակում` Կարեն Կարապետյանը ամենևին էլ վեց ամսով չի «ժամանել» Հայաստան. նա եկել է, որ մնա»,- գրում է թերթը:
«Ժամանակ». Բեգլարյանը քաղաքապետ դառնալ է ուզում
«Ժամանակ» թերթի տեղեկություններով նախարարի պաշտոնից հեռացված Գագիկ Բեգլարյանը տևական ժամանակ արտերկրում մնալուց հետո վերադարձել է ՀՀ և Սերժ Սարգսյանի հետ իր հետագա ճակատագիրը քննարկելուց հետո որոշել է մնալ ՀՀԿ ԳՄ-ում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել ՀՀԿ նախընտրական շտաբ՝ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:
«Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ:
«Հրապարակ». ՊԵԿ-ում պաշտոնանկությունները շարունակվում են
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին: Ավելի վաղ ազատել էր նաև օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանին, որին, ըստ թերթի, չի բացառվում, որ ՊԵԿ նախագահի խորհրդական կնշանակեն: Աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ:
ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է: Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին:
«Ժողովուրդ». Նորք-Մարաշի հանցախմբի գործում ամեն ինչ խառն է
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է անցյալ տարի նոյեմբերի 25-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծվեց «հանցավոր խմբավորման» գործին, որի վերաբերյալ քրեական գործը նախաքննությունը վերջերս է ավարտվել:
«Բայց անգամ գործի հաստափոր նյութերի ուսումնասիրությամբ հնարավոր չէ պարզել՝ ով է, ի վերջո, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, ում հրահանգով էր գործում, ինչ առարկայական նպատակ ուներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող գործի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: «Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է: Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա: Սակայն արդեն վերջին փուլում Ա. Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է նախկինում իր տված բոլոր ցուցմունքներից, անդամներից որևէ մեկը նախապես չի իմացել իր ծրագրերի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաև, որ այս գործով անցնողների թիվը նախապես հրապարակված 18 անձանցից հասել է մոտ 300-ի, որոնց միայն մի մասն է գտնվում կալանքի տակ»,- գրում է թերթը: