ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին և ընդունել իր պարտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN հեռուստաալիքին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվեց` հավաքելով ընտրիչների անհրաժեշտ քանակությամբ ձայները։
«Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել ընտրություններում իր պարտությունը»,- հաղորդում է CNN-ը։
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնը զանգահարել է իրեն։
«Ինձ հենց նոր զանգահարեց Հիլարի Քլինթոնը։ Նա շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ։ Եվ ես շնորհավորեցի նրան և նրա ընտանիքին այս դժվար քարոզարշավի կապակցությամբ։ Նա շատ համառ էր պայքարում», — ասաց Թրամփը` ելույթ ունենալով Նյու Յորքում իր աջակիցների առջև։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվեցին նոյեմբերի 8-ին՝ երկաստիճան համակարգով։ Ընտրիչները ֆորմալ կքվեարկեն թեկնածուների համար դեկտեմբերի 19-ին, իսկ կոնգրեսը կհաստատի քվեարկության արդյունքները 2017 թվականի հունվարի 6-ին։ Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի երդմնակալությունից հետո` հունվարի 20-ին։