ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Բոստոնում գործող «Սայաթ-Նովա» հայկական պարային համույթը ելույթ կունենա Նյու Յորքում Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված 90-րդ շքերթի ժամանակ, գրում է Azbarez-ը։
Ելույթի ընթացքում միլիոնավոր ամերիկացիներին կցուցադրվեն հայկական հայտնի «Բերդ» և «Քոչարի» պարերը։ Ինչպես նշում է հրատարակությունը, ամեն տարի շքերթին մասնակցելու համար ընտրվում են ամերիկացի ամենատաղանդավոր արտիստները և համույթները։
Շքերթին ներկա կգտնվի շուրջ երեք միլիոն մարդ, կհետևի ավելի քան 50 միլիոն հեռուստադիտող։ Այս տարի հայկական պարային համույթն ընտրվել է 100 թեկնածուներից։
«Սայաթ-Նովա» հայկական պարային համույթը ստեղծվել է 1986թ-ին Բոստոնում։ Վերջին 30 տարում համույթն ԱՄՆ-ում մասնակցել է տարբեր փառատոների, արժանացել բազմաթիվ պարգևների։