ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արդյունավետ քննարկումների արդյունքում գալիք տարվա համար հնարավոր կլինի ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորին նպատակային և օպտիմալ ծրագիր:
«Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը»,- նշել է Կարապետյանը:
Վարչապետի խոսքով` 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով կառավարությունը գործում է սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը:
«Նշեմ, որ բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները»,- հայտնել է վարչապետը:
Կարապետյանը տեղեկացրել է, որ 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ:
«Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար»- վստահեցրել է Կարապետյանը:
Նրա խոսքով` հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար:
Կառավարության ղեկավարը հակիրճ ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվել ՀՀ 2017 թ. պետական բյուջեն. հիմքում դրվել են 2016թ. բազիսային տվյալները՝ դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և եկամուտների հնարավոր աճը:
Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք՝ 2017թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում:
Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է: