ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հանձնարարեց 15 օրվա ընթացքում ուսումնասիրել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակը և Ջրի ազգային խորհրդին ներկայացնել առաջարկություններ:
Պատկան կառույցները պետք է վերանայեն նաև Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությունը: Իսկ բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 20 տարի շարունակ օգտագործված փոքր ՀԷԿ-երի համար պետք է կիրառվեն գնագոյացման նոր մեխանիզմներ:
«Մենք պետք է հասկանանք սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ինչպես է լինելու, երբ բիզնեսն այդ ոլորտում իր գումարները փոխհատուցի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է հայաստանյան գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի հետևանքով առաջացած բնապահպանական խնդրին, վարչապետը նշեց, որ որոշ գետերի վրա դրանց քանակը թույլատրվածից շատ է:
«Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և կան խնդիրներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկեց վարչապետի թվարկած գետերի ցանկում ավելացնել նաև Սևանա լիճը լցվող բոլոր գետերը: Վարչապետն այս առաջարկությանը չառարկեց: