ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված առաջնությունում մրցանակային տեղեր չզբաղեցրեց, բայց օլիմպիական սկզբունքով էլ չմասնակցեց: Մհերը լավագույնների շարքում էր ու իր ելույթներով ապացուցեց, որ ապագայում մենք այս մարզաձևում էլ կարող ենք ունենալ հնչեղ հաջողություններ: Այս ամենի մասին Sputnik Արմենիան զրուցել է Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:
-Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մենք առաջին անգամ ունեցանք մեր մասնակիցը: Մհեր Մկրտչյանը մասնակցեց երկու մրցավազքերի: Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթները:
— Մհերը հանդես եկավ «սքրեթչ» մրցաձևում: 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց 15-րդ տեղը: Այստեղ ուզում եմ նշել, որ 15 կմ մրցատարածությունում մեր հեծանվորդի միջին արագությունը կազմեց 52կմ/ժ արագությունից բարձր, և դա կատակ բան չէ: Շատ լավ արդյունք է համարվում: Հետո մեր մարզիկը մասնակցեց խմբակային վազքին: Այստեղ մեր մարզիկին խանգարեց չափից շատ լավ արդյունքի հասնելու ցանկությունը: Մեկնարկում շատ լավ արդյունքի հասավ, միավորներ վաստակեց, բայց ծանրաբեռնեց անմիջապես մկաններն ու չկարողացավ շարունակել մրցատարածությունը: Ձախ ոտքի մկանը ցավացրեց, ու հիմա մեր հեծանվորդը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
-Տոկիոյի օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցումները ե՞րբ են մեկնարկում:
— Արդեն մյուս տարվանից սկսվում են մրցաշարերը օլիմպիական ուղեգրերի համար: Մեկնարկը տրվելու է Եվրոպայի հաջորդ առաջնությունից, աշխարհի գավաթի համար անցկացվող չորս մրցումներից, հետո արդեն` աշխարհի առաջնությունը: Ասեմ, որ Էդգար Ստեփանյանի հաջող ելույթների շնորհիվ մենք արդեն ունենք 508 միավոր: Էդգարը շատ լավ հանդես եկավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ու մեզ բերեց շատ կարևոր միավորներ: Հիմա Հայաստանը համաշխարհային դասակարգման ցուցակում 42-րդ տեղն է զբաղեցնում:
-Իսկ ի՞նչ են տալիս այդ միավորները:
— Միավորները մեզ հնարավորություն են տալիս մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկություններին: Ու այդ խաղարկություններում էլ միավորներ վաստակելով իրավունք ենք ստանում մասնակցելու աշխարհի առաջնությանը:
-Մհերը մի քանի ամիս է, որ մարզվել է արտասահմանում: Մարզումները մեր հեծանվորդին օգուտ տվեցի՞ն, նրա մոտ առաջխաղացում նկատու՞մ եք:
— Միայն այն, որ Մհերը մեկ շաբաթվա ընթացքում երկու մրցումների էր մասնակցում, արդեն արդյունքը բարելավելու շատ լավ հնարավորություն է: Մրցումային փորձը անգնահատելի է յուրաքանչյուր մարզիկի համար:
-Մենք արդեն սկսում ենք մտածել 2020 թվականի օլիմպիական խաղերի մասին: Ռիոյում հեծանվորդ չունեինք Հայաստանի օլիմպիականների թվում: Իսկ Տոկիոյում մարզիկ ունենալու ի՞նչ շանսեր ունենք:
— Գիտեք` մեր տղաներն արդեն սովորել են իմ խոսքերին`«նույն միսն ու արյունն եք, ինչու՞ դուք չպետք է մասնակցեք օլիմպիական խաղերին»: Հեղինակություններին իհարկե պետք է գնահատել, բայց վախենալ երբեք պետք չէ: Անուններ չեմ ուզում տալ, բայց մենք ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի հեծանվորդ, որոնք կարող են բարձր արդյունքների հասնել, և դրա համար ուժ ու եռանդ չենք խնայելու:
-Հեծանվային սպորտը նաև թանկարժեք մարզաձև է: Այստեղ հեծանիվների որակից էլ է շատ բան կախված: Յուրաքանչյուր մարզիկ պետք է ունենա նաև պահեստային հեծանիվ, որպեսզի կարողանա նաև ռիսկի դիմել մրցումների ընթացքում:
— Այս պահի դրությամբ մենք հանրապետությունում ունենք ընդամենը բարձրակարգ երկու հեծանիվ: Վերջերս ֆեդերացիան ձեռք բերեց թանկարժեք անվադողեր, Մհերի ու Էդգարի հեծանիվներն էլ նվեր են հայ բարերարներից: Մենք դողում ենք մեր ունեցածի վրա: Տեսեք` այս տարի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ուժեղ ու ներկայացուցչական մրցումներում Էդգար Ստեփանյանը 10-րդ տեղը զբաղեցրեց: Մրցումների վերջնամասում թեթև ընդհարում եղավ մրցակիցների հետ, ու ես մտածում էի, իհարկե, Էդգարի առողջության մասին, բայց մեր հեծանվորդը առաջին հերթին մտածում էր իր հեծանիվի մասին: Սա ասում եմ պահեստային հեծանիվի հետ կապված:
-Պարոն Գյոզալյան, տարբեր մարզաձևերում շատ հաճախ լսում ենք հաղթողի հոգեբանության մասին: Հեծանվային սպորտում, ըստ ձեզ, դա ո՞րն է:
— Ճիշտն ասած, ես չեմ ուզում առանձնացնել մեր հեծանվորդներին, բայց հաստատ նրանք հաղթելու ցանկությունը այս մարզաձևում զբաղվելու հենց սկզբում են ձեռք բերում: Խճուղային հեծանվավազքում 120-130կմ տարածությունների ժամանակ մենք մրցումները սկսում ենք արևոտ եղանակի ժամանակ, ընթացքում անձրև է տեղում, կարկուտ և այլն: Բայց Ա կետից Բ կետ մեր մարզիկները գիտեն, որ պետք է հասնեն ու ձգտում են առաջինը հասնել: Ինչպես ասում են, ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է: