Հայաստանի հավաքականը ավելի քան մեկ ժամ անցկացնելով խաղադաշտում` մեկ խաղացողով պակաս կարող էր նույնիսկ հաղթանակ տոնել, բայց խաղի վերջին վայրկյանին գնդակ ընդունեց սեփական դարպասն ու պարտվեց:
Մարզական մեկնաբաններ Խաչիկ Չախոյանն ու Էդուարդ Քալանթարյանը քննարկեցին հանդիպման ընթացքն ու Հայաստանի թիմի ցուցադրած խաղը:
-Էդուարդ, Ռումինիայից կրած պարտությունից հետո գրեթե ոչ ոք չէր հավատում, որ մեր թիմը կարող է ինչ որ հաջողության հասնել Վարշավայում: Դու սպասո՞ւմ էիր նման խաղի:
— Շատ դժվար է ինչ-որ բան ասել Լեհաստան-Հայաստան խաղի մասին, որովհետև երկակի տպավորություն կա: Հպարտությունն ու հիասթափությունը միախառնվել են ինձ մոտ, և նույնիսկ դժվարանում եմ ասել, թե որն է գերակշռում: Համաձայն եմ, որ բոլորը հավատում էին լեհերի հաղթանակին, թե քանի գոլ են մեզ խփելու: Ես չգիտես ինչու ներքին համոզմունք ունեի, որ լեհերը մեր դարպասը գրավելու են երկու անգամ: Ի վերջո, այդպես էլ եղավ: Բայց ես էլ չէի պատկերացնում, որ մենք անգամ կարող էինք հաղթել այդ խաղում: Եթե նույնիսկ Լևանդովսկին չխփեր հաղթական գնդակը վերջին վայրկյաններին, միևնույնն է հիասթափություն կլիներ, որովհետև մինչ այդ Արազ Օզբիլիսը չիրացրեց գոլային իր պահը, իսկ այդ գոլը կլիներ միանշանակ հաղթանակ: Ու եթե նույնիսկ եթե այդ հաղթանակը մեզ խմբային փուլում ոչինչ չտար, միևնույնն է` դա կլիներ մեր ֆուտբոլի պատմական հաղթանակներից մեկը՝ տասը խաղացողներով հաղթել լեհերին, այն էլ` մրցակցի հարկի տակ: Ամեն դեպքում, ֆուտբոլիստներին պետք է շնորհակալություն հայտնել նման խաղի համար։
-Երկրորդ անգամ անընդմեջ մեր հավաքականը հանդիպումն ավարտին է հասցնում տասը խաղացողով: Միայն այն տարբերությամբ, որ կարելի է ասել ռումինացիների հետ մենք խաղը համարյա սկսեցինք տասը խաղացողով, իսկ Վարշավայում հանդիպման վերջին մեկ ժամում մրցակիցն ուներ թվային առավելություն: Ինչու՞ մերոնք Երևանում չկարողացան «ոտքի» կանգնել, իսկ լեհերի հետ այդպիսի խաղ անցկացրին:
— Ռումինիայի հետ, իրոք, ամեն ինչ շատ արագ եղավ: Երրորդ րոպեին կարմիր քարտ, 11-մետրանոց մեր դարպասին ու բաց թողած գնդակ: Վարուժան Սուքիասյանն էլ պատրաստ չէր դեպքերի նման զարգացմանը: Բայց ինչպես կարող էր Սուքիասյանը պատրաստ լինել նման իրավիճակի: Նույնիսկ համաշխարհային բարձր կարգի մարզիչներն անակնկալի կգան, երբ դեռ խաղը չսկսած` թիմը մնա տասը խաղացողով ու հայտնվի հետապնդողի դերում: Ինչ վերաբերում է Լեհաստանի հետ խաղին, ապա մեր մարզիչն արդեն պատրաստ էր, և կարելի է ասել, որ դասեր քաղել էր նախորդ խաղից: Հայաստանի հավաքականը մնալով տասը ֆուտբոլիստներով` ամենևին էլ չփոխեց իր խաղն ու նույնիսկ սկսեց ավելի լավ հակագրոհել:
-Ի՞նչ ես կարծում, գուցե լեհերը մեզ թերագնահատել էին:
— Չգիտեմ` թերագնահատել էին, թե լավ չէին տրամադրվել, բայց դա նույնն բանն է: Պարզապես լեհ ֆուտբոլիստներն իրենց բոլոր էմոցիաները խաղադաշտում էին թողել Դանիայի հետ խաղում, որում դժվարին հաղթանակի հասան 3:2 հաշվով, չնայած նրան, որ խաղի ընթացքում 3:0 հաշվով հաղթում էին: Բացի այդ, Վարուժան Սուքիասյանը հինգ պաշտպաններով սկսեց խաղն ու հեռացումից հետո խաղադաշտ դուրս բերեց ևս մեկ պաշտպանի: Այսինքն արեց այն, ինչ որ պետք է արվեր Ռումինիայի հետ խաղում: Եվ ի զարմանս շատերի, Հայաստանի հավաքականը ոչ միայն քանակով, այլ նաև որակով էր պաշտպանվում:
-Մեր թիմում ու՞մ կառանձնացնեիր:
— Բոլորին, բացառությամբ Գաել Անդոնյանի, որի երկու դեղին քարտերը կարճ ժամանակահատվածում ընդունում եմ որպես անպատասխանատու արարք: Նախ Ռումինիայի հետ չգիտես ինչու ինքը որոշեց, որ չի շարունակելու հանդիպումը և հիմա էլ կարմիր քարտ է ստանում անիմաստ տեղը: Մարկոս Պիզելին հիանալի հանդիպում անցկացրեց ու մեր թիմի առաջատարն էր: Աչք էր շոյում Դավիթ Մանոյանի խաղը:
— Ռումինիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ու խաղացողները քննադատության արժանացան: Իսկ հիմա ստացվում է, որ մերոնք կարող են նաև որակյալ ֆուտբոլ ցուցադրել:
— Յուրաքանչյուր մարզիչ իր մարզչական կարիերայի ընթացքում ունենում է և՛ հաջողված, և՛ ձախողված պահեր: Համաձայն եմ, որ մեր անհաջողությունները կարծես թե երկար տևեցին, բայց մեր հավաքականը Վարշավայում ապացուցեց, որ չնայած ներկայիս արդյունքներին` մեր թիմի իրական «դեմքը» լրիվ այլ է: Բեռնարդ Շալանդի ժամանակ էլ մենք Սերբիայի հետ խաղում մեկնարկային կազմի վեց խաղացողներ չունեինք, բայց ցուցադրեցինք մեր լավագույն խաղերից մեկը: Չեխիայի ընտրանուն հաղթեցինք վերջին վայրկյանին խփած գոլի շնորհիվ, հիմա էլ վերջին վայրկյանին բաց թողեցինք ու պարտվեցինք: Ավելացնեմ պարզապես, որ Արազ Օզբիլիսի հետ տեղի ունեցածը կարող էր յուրաքանչյուրի հետ պատահել, այնպես որ այս առումով էլ մեր խաղացողին քարկոծել պետք չէ: Չմոռանանք, որ հաջողությունն ու բախտը միշտ ուղեկցում են հաղթանակներին: