ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց լեհերին Վարշավայի «Ազգային մարզադաշտում», սակայն ցույց տվեց իր բնավորությունը։ Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի հետ խաղում 5։0 հաշվով պարտություն կրելուց հետո շատերը կարծում էին, որ հայերը շանսեր չունեն։ Առավել ևս, որ Լեհաստանի հավաքականը խաղի ակնհայտ ֆավորիտն էր։ Սակայն 2018 թվականի ԱԱ նախընտրական խաղի շրջանակներում հայկական թիմն իր բնավորությունը ցույց տվեց։
Մեկ ժամ հայ ֆուտբոլիստները ոչ ամբողջական կազմով էին խաղում, քանի որ 30-րդ րոպեին հեռացվեց պաշտպան Գաել Անդոնյանը։ Սակայն անկախ նրանից, որ թիմը տասը հոգով էր խաղում, հայ ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ։
Նույնիսկ առաջին գոլը բաց թողնելով` Հայաստանի հավաքականը կարողացավ դիպուկ հարվածով պատասխանել, և մեծ էր հաղթելու հավանականությունը։ Մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը բաց թողեց պահը։ Միանգամից սկսեց գործել չգրված օրենքը` եթե դու գնդակը չուղարկես հակառակորդի դարպասը, այն քո դարպասը կուղարկի
հակառակորդը։
Պատասխան հարձակման ժամանակ լեհերը տուգանային հարվածի իրավունք ստացան, և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր թիմին հաղթանակ բերեց։
Ռումինիայի և Լեհաստանի թիմերի հետ հանդիպումներին չի մասնակցել հավաքականի կիսապաշտպան և կապիտան Հենրիխ Մխիթարյանը։