ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Էրեբունի-Երևանի տոնակատարությունների ցանկում այս տարի կազմակերպվեց նաև «Երևան Օփեն» միջազգային շախմատային մրցաշար։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը նշեց, որ մրցաշարին մասնակցել է տասը երկրի ավելի քան 130 շախմատիստ:
Եզրափակիչ տուրից հետո միանգամից ութ գրոսմայստերներ, որոնցից երեքը՝ Հայաստանից, ինը հնարավորից վաստակել են 7,0 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով «Երևան Open 2016» միջազգային շախմատային մրցաշարի հաղթող է դարձել հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա Հայաստանի հավաքականի կազմում շախմատի աշխարհի չեմպիոն է, միջազգային գրոսմայստեր։
Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ հեշտ չէր մրցակիցներին հաղթել, բոլորն էլ լավ պատրաստված էին։ Ռոբերտը կշարունակի մասնակցել տարբեր միջազգային ու տեղական մրցաշարերի. դեկտեմբերին՝ Լոնդոնի, իսկ եկող տարվա հունվարին՝ Հայաստանի առաջնություններին։
Նորայր Քալանթարյանը հայտնեց, որ «Երևան Օփենը» շարունակական բնույթ կկրի, և ամեն տարի մենք հնարվորություն կունենանք ականատես լինել մեր շախմատիստների գեղեցիկ խաղին։