ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու բացառիկ իրավունք ունի ՀՀ նախագահը:
Անկախ Հայաստանի երեք նախագահներն առ այսօր ազգային հերոսի կոչմանն են արժանացրել 15 հոգու:
1994թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչման մասին» օրենքը: Նույն թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Ազգային հերոսի կոչում շնորհվեց Վազգեն-Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին և ամերիկահայ բարերար Ալեք Մանուկյանին: Արդեն պատկառելի տարիք ունեցող մեծանուն հայերն այս բարձրագույն կոչմանն արժանացան կենդանության օրոք: Մահամերձ վիճակում գտնվող Վեհափառ Հայրապետը, սակայն, մահացավ հերոսի կոչում ստանալուց օրեր անց: Վիկտոր Համբարձումյանն ու Ալեք Մանուկյանը մահկանացուն կնքեցին 2 տարի անց՝1996թ-ին:
1996թ-ին, ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ազգային հերոսի կոչումներ ստացավ ևս 7 անձ՝ Մովսես Գորգիսյանը, Վիտյա Այվազյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանն ու Յուրա Պողոսյանը: Բոլորը՝ հետմահու:
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհել 4 անձի: Առաջին երկուսը՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն այդ բարձրագույն կոչմանն են արժանացել հետմահու, ԱԺ-ում տեղի ունեցած սպանություններից ուղիղ 2 ամիս անց՝ 1999թ-ի դեկտեմբերի 27-ին:
2004թ-ին Ռ.Քոչարյանն ազգային հերոսի կոչում է շնորհել նաև Քըրք Քըրքորյանին ու Շառլ Ազնավուրին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս բարձրագույն կոչմանն առ այսօր արժանացրել է միայն ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովին՝ 2008թ-ի դեկտեմբերի 5-ին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ:
Այսպիսով, Հայաստանի 15 ազգային հերոսներից 10-ին այդ կոչումը շնորհել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 4-ին՝ Ռոբերտ Քոչարյանը, 1-ին՝ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ազգային հերոսներից այսօր ողջ են միայն Ազնավուրն ու Ռիժկովը:
Վերջին 8 տարվա ընթացքում՝ 2008-2016թթ-ին, այս բարձրագույն կոչմանը որևէ մեկը չի արժանացել:
Փաստորեն, կա՛մ մեր երկրում ավարտվել է հերոսների ժամանակն ու ամեն ինչ չափազանց կենցաղային ու առօրեական է դարձել, կա՛մ պարզապես փոխվել են հերոսության գնահատման չափանիշները:
Հ.Գ.
Եվ որպես վերջաբան` մեկ զավեշտալի փաստ. Հայաստանի ազգային հերոսները հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեն: Այնպես որ Ռիժկովին ու Ազնավուրին երթուղայինում հանդիպելիս չզարմանաք, եթե նրանք կանգառում իջնեն առանց 100 դրամը փոխանցելու: