ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովում երեկ երեկոյան տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր։
Համաձայնագրով նախատեսվում է քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:
ԱԺ պաշտոնական կայքը նշում է, որ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բանակցող կողմերը կարևորում են Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և գիտակցում են, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ։
Ստեղծված իրավիճակում խնդիր դնելով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը փոխարինել ընտրական գործընթացի օրինականության վերահսկման լրացուցիչ մեխանիզմներով, քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլերով օրենսդրական փոփոխություններ կատարել, նշված է հաղորդագրության մեջ։
Այդ փոփոխությունները կնպաստեն ազատ, արդար ու թափանիկ ընտրություն իրականացնելուն։