Հայկական ժամանակ. «Կներկայացնի՞ այսօր»
Թերթի ունեցած տեղեկություններով` այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը կներկայացնի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։
«Այս մասին համառ լուրեր են շրջանառվում հենց կառավարությունում։ Դրանից հետո վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն, որի հնարավոր կազմն առաջիկայում էլ կլինի հանրության ուշադրության կիզակետում»,-գրում է թերթը։
Ի դեպ, թերթի այլ տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում չի վերանշանակվի։ Լուրեր են պտտվում, որ նրան կփոխարինի սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Հայոց աշխարհ. «Փող չունեն»
«Ռուսական ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումն Ադրբեջանին հետաձգվում է մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ` ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչ այդ նախատեսվում էր, որ Ադրբեջանին ԲՄՊ-3-ի մատակարարումները նախատեսվում է ավարտել 2016 թվականին»,-գրում է թերթը։
Իրավունք. «Անմոռուկ` հայոց ցեղասպանությունը չճանաչած Վրաստանի ԱԳ նախկին նախարարի կրծքին»
Թերթը գրում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայոց ցեղասպանության խորհրդանիշը` անմոռուկը, հանել է գրպանից ու փակցրել Ցեղասպանությունը ժխտող երկրի նախկին արտգործնախարարի կրծքին։ Դա է տեղի է ունեցել «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ից Ուելս և անդին» խորագրով կոնֆերանսի» ժամանակ։
«Շոյված ու շփոթված դիվանագետը շտապեց նշել, որ այն ոչ միայն խորհրդանշական է, այլև գեղեցիկ է նայվում»,-գրում է թերթը։
Չորրորդ իշխանություն. «Տարածքներ կարգավիճակի դիմաց»
Թերթն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե ԼՂ խնդրի լուծման համար անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարի կամքը։
«Ուորլիքի խոսքերով`ԼՂ խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին` Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Պայմաններից են նաև փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը։ Միջնորդներն աշխատում են, որպեսզի կարողանան մի միջոց գտնել այդ պայմանները մեկտեղելու և խնդիրը հանգուցալուծելու համար»»,-մեջբերում է թերթը։
Ժողովուրդ. «Բնական գազի սպառման ծավալները նվազել են»
Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանում բնական գազի սպառման ծավալները շարունակում են նվազել։
«Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով` բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով։ Էներգետիկայի ոլորտի սպառած գազի ծավալների կտրուկ` 36 տոկոսով նվազումից բացի, նվազել են նաև արդյունաբերության ու գազալցակայանների սպառած գազի ծավալները։ Այս տարի առաջին անգամ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ցուցանիշն անցած տարվա համեմատ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետրով նվազել է»,-գրում է թերթը։