ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց»,- ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր պայմանները միավորելու միջոց գտնենք և հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները»,- ասել է համանախագահը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար` նա ասել է.
«Նույնը, ինչ և՛ ռուսական, և՛ ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տևում և շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար է տևում, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք այն»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ընդգծել է, որ կատարյալ կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն, այն պետք է շահեկան լինի երկու կողմի համար էլ. «Որպես մարդ, որը բազմաթիվ տարիներ բանակցություններ է վարում այլ հարցերով, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջողված լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում զոհերի և զիջումների գնալ: Բանակցությունները հաջողված են, երբ երկու կողմերն էլ շահում են՝ Հայաստանի, Ադրբեջանի բնակիչները, ամբողջ տարածաշրջանն արժանի են խաղաղության և անվտանգության մեջ ապրելուն»:
Ուորլիքը նաև նշել է, որ ոչ վաղ անցյալում կային ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում էին խաղաղության և համաձայնության մեջ: Բայց այդ ժամանակներն անցել են:
«Ցավալի է, բայց փաստ, որ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ է մեծացել՝ միմյանց չճանաչելով: Նրանք իրար մասին գիտեն միայն լրատվամիջոցներից և լուրերից: Ցավալի է: Կցանկանայինք մարդկանց միջև շփումներ տեսնել: Եվ որպես խաղաղ կարգավորում՝ կցանկանայինք, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանային համատեղ գոյակցել: Հավատում եմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում բազմաթիվ մարդիկ պատրաստ են դրան»,- նշել է նա: