«168 ժամ». ՌԴ քաղաքացուն ԱՄՆ-ին չհանձնելն իրավաչափ էր
Իրավական ինչ հիմքով Հայաստանն ԱՄՆ-ին չհանձնեց օգոստոսի 26-ին Երևանի օդանավակայանում ձերբակալված ՏՏ ոլորտի մասնագետ, ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին: Այս հարցի շուրջ 168 ժամը զրուցել է ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ:
«Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրավական փոխօգնության մասին փաստաթուղթ չունեն, և եթե ամերիկյան կողմը չի ներկայացնում համապատասխան հիմնավորումներ, ՀՀ-ն պարտավոր էր ազատ արձակել միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին, այսինքն՝ դատարանի որոշումն իրավաչափ էր»,- թերթին ասել է պատգամավորը:
«Հրապարակ». Թեժ աշուն՝ Գյումրիում
«Հրապարակ» թերթն անդրադարձել է Շիրակի մարզում հոկտեմբերի 2-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին, որոնք, թերթի դիտարկմամբ, թեժ են լինելու:
«Միայն Գյումրի քաղաքում գրանցվել է աննախադեպ մեծ թվով կուսակցությունների և թեկնածուների առաջադրում: Այսպիսով, Գյումրիում համայնքապետի և ավագանու պաշտոնների համար կպայքարի 10 կուսակցություն և մեկ դաշինք»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ առաջադրման փուլին հաջորդելու են նախընտրական քարոզարշավները: Իսկ պաշտոնական քարոզարշավը Գյումրիում կմեկնարկի սեպտեմբերի 9-ին:
«Առավոտ». Չբեմադրված կրքեր Գյումրու թատրոնում
Առավոտը հայտնում է, որ Գյումրիում կրքերը թեժացել են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Այստեղ, թերթի փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ շուտով տնօրենի պաշտոնի մրցույթ է կայանալու, որն էլ անչափ անհանգստացնում է կոլեկտիվին։
«Այսօր կոլեկտիվի պահանջով թատրոնի գեղարվեստական ստեղծագործական անձնակազմն արտահերթ ժողով է հրավիրել»,- հայտնում է թերթը։
«Ժողովուրդ». Մեծ փողեր՝ մշակույթում
«Ժողովուրդը» ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել է, թե 2015 թ. հուլիսից մինչև 2016 թ. հուլիսը նախարարությունը պետական բյուջեից որքան գումար է ծախսել սեմինարների, համաժողովների և աշխատանքային այլ հավաքույթների կազմակերպման համար:
Հարցմանն ի պատասխան` նախարարությունից տեղեկացրել են, որ համաժողովների կազմակերպման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 70 միլիոն 718 հազար դրամ:
«Եթե համեմատենք 2016 թվականի պետական բյուջեով հաստատված բյուջետային հատկացումների բաշխումը ըստ ֆինանսավորվող ծրագրերի, կտեսնենք, որ, օրինակ, երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով տրամադրվել է ընդամենը 20 միլիոն դրամ»,- գրում է թերթը: