ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հրապարկել է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը։
«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:
Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
6.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:36-ին, որին հետեւել է երկրորդ ցնցումը՝ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումները զգացել են Իտալիայի մի շարք խոշոր քաղաքներում:
Ամենաշատը տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամարտիչեն, Պեսկարա դել Տրոնտոն, Ակումոլին: