ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հուլիսի 27-ին երեկոյան գյումրեցիները հավաքվեցին Թատերական հրապարակում, ապա շարժվեցին դեպի Սայաթ-Նովա փողոց ՝ ժամանակավորապես փակելով այն՝ դեղին քարտ ցույց տալով իշխանություններին։
Նրանք այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Երեւանում տեղի ունեցող ձերբակալությունների դեմ:
Կենտրոնական փողոցը փակ մնաց մոտ 15-20 րոպե, մինչև ոստիկանների ժամանումը:
Ոստիկանների՝ ճանապարհը բացելու կոչերից հետո, ակտիվիստները «Միացեք», «Արդարություն», «Սասնա Ծռեր», «Պավլիկ» վանկարկելով քայլերթ սկսեցին դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ եւս մի քանի րոպե դադարեցվեց երթեւեկությունը, ապա նորից վերադարձան Թատերական հրապարակ՝ շարունակելով հանրահավաքը մինչև ուշ գիշեր:
Հուլիսի 28-ին երեկոյան 19-ից կրկին գյումրեցիները կհավաքվեն Թատերական հրապարակում:
Գյումրեցիները նախազգուշացնում են՝ «Դեղին քարտ» բողոքն՝ ուղղված Երևանում իրավապահ մարմինների իրականացրած գործողություններին, կշարունակի այնքան, մինչև չդադարեն ապօրինի ձերբակալությունները:
Գյումրեցիներին հատկապես բորբոքել է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունը ստացել է նյութեր Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին, ժամը 3:30-ի սահմաններում, Երևանի Մ. Խորենացու փողոցից ոստիկանության Երևանի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության, շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ։
Լ.Բարսեղյանը այժմ գտնվում է ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում: