ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Հուլիսի 17-22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է բանավոր և գրավոր 114 հաղորդում, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն և չվերադարձնելուն, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն և բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:
Նշված հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանը սահմանված կարգով սկսել են բողոքների քննարկման ընթացակարգ:
Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել է պարզաբանումներ ստանալու պահանջ:
Ստեղծված իրավիճակին և քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և նրա աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ և բժշկական հաստատություններ: