ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Բանակցություններով պետք է լուծում տալ ստեղծված իրավիճակին։ Ոչ մի փամփուշտ ու կրակոց, միայն բառեր ու խոսքեր։ Այս կարծիքին է Միքայել Դովլաթյանը։
«Ամեն մի փամփուշտ օգտագործելով գործում ենք թշնամու օգտին։ Պետք է գնալ փոխզիջումների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար։ Խորենացու վրա տեսա և մարդկանց, ովքեր ի սրտե էին այնտեղ եկել, սրտի կոչով, բայց տեսա և թամաշա անողների, դա է վախեցնում ինձ։ Կային շատ կանայք, որոնց լինելն այնտեղ ես այնքան էլ չեմ հասկանում։ Ես չեմ ցանկանում, որ կին ու երեխա տուժի»,-ասաց Միքայել Դովլաթյանը։
Նա չափազանց տարբեր մարդկանց մի տեղում հավաքվելը պայթյունավտանգ է համարում։ Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա Դովլաթյանը նրանց շրջանում տեսնում է նաև ազնիվ ու խաղաղ երիտասարդների։
«Ոստիկանների շարքում տարբեր երիտասարդներ են կանգնած, հրաշք տղերք են, մեր հայ տղեքն են, աչքերի մեջ որ նայում ես, չես մտածում գեթ մեկ վայրկյան, որ կարող է կրակոց հնչել։ Ոստիկանությանը պետք է վստահել, հարգել, ոստիկանությունը պետք է անտեսանելի լինի, սովետից է եղել, որ ոստիկանը մնում է ոստիկան, բայց եթե նրանք չլինեին, ի՞նչ կկատարվեր»,-ասաց կինոռեժիսորը։
Ըստ նրա` մարդը չպետք է գնա դեպի զենքը։ Համոզված է` այս կերպ իշխանափոխություն չի լինում։ Մյուս կողմից, ըստ նրա, եթե լիներ ճշմարիտ ընդդիմություն, ամեն ինչ իր տեղը կընկներ։ Այս պահին Հայաստանում ձևավորված ընդդիմությունը նա անվանեց «սիմուլյատիվ»։
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։ Այդ բոլոր օրերին մարդիկ հավաքվում են գնդի հարակից տարածքում։