ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի-Sputnik. Խորենացի փողոցում ցուցարարներն իրար հետ լեզու չեն գտնում ու չեն կարողանում լուռ լսել տեր Ասողիկ քահանա Կարապետյանին ու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանին։ Տեր Ասողիկ քահանան ներկաներին խնդրեց մի պահ լռել ու լսել այն հոգևոր կոչերը, որոնք կօգնեն հանդարտություն ու հանդուրժողականություն հաստատել։ Ու ստացավ ցուցարարներից մեկի պատասխանը` «Ինձ մի ասեք սուս մնամ, թե ոչ»։
«Պահանջում ենք ազատ արձակել երեկ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի անդամներին, խնդրում ենք քրեական գործ չհարուցել։ Այն տղաներին, ում տարել են, պահանջում ենք հետ բերել։ Եթե ուզում եք բանակցենք, ուրեմն պիտի լինի փոխհամաձայնության շնորհիվ։ Եթե հունար ունեք, ձեր կարողությունը ներում է»,-ասաց տաքսու վարորդը։
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը որքան էլ խնդրեց խոսակցությունը շարունակել տեսախցիկներից այն կողմ, ցուցարարները ականջալուր չեղան հոգևորականի հորդորներին։
Ժամեր առաջ ոստիկանության գնդի գրավված շենքի մոտ հավաքվածների և ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում։ Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ պատասխանեցին լուսաձայնային նռնակներով։ Դրանից հետո հավաքված մարդիկ սկսեցին ցրվել, ոստիկանները սկսեցին առաջ շարժվել ու որոշ տարածություն առաջ շարժվելով` կանգնեցին։ Այնուհետև գնացին դեպի հին դիրքերը։ Բախումի հետևանքով կան տուժածներ երկու կողմից։