ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի-Sputnik. Հայաստանի տարբեր բուժհաստատություններ այս պահին նախնական տվյալներով դիմել է 45 տուժած, որից 25-ը` ոստիկան, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Ըստ տեղեկության` նրանցից 18-ը տեղափոխվել է շտապօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։
Միայն «էրեբունի» բժշկական կենտրոնում կա 18 տուժած, որոնցից 15-ը ոստիկան է, 3-ը` քաղաքացիական անձ։ Նրանք հիմնականում ունեն կոտրվածքներ և գազային թունավորումներ։ Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվում է 13 տուժած։
Ժամեր առաջ ոստիկանության գնդի գրավված շենքի մոտ հավաքվածների և ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում։ Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ պատասխանեցին լուսաձայնային նռնակներով։ Դրանից հետո հավաքված մարդիկ սկսեցին ցրվել, ոստիկանները սկսեցին առաջ շարժվել ու որոշ տարածություն առաջ շարժվելով` կանգնեցին։ Այնուհետև գնացին դեպի հին դիրքերը։ Բախումի հետևանքով կան տուժածներ երկու կողմից։