ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում։
«Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում:
Մայր Աթոռը ողջախոհության կոչ է արել զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ Ոստիկանության հոգևոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին` մշտական կապի մեջ մնալ իրավապահների հետ, հետևել իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։