ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ է ուժային գործողություններին, քանի դա կհանգեցնի զոհերի։
«Դեմ եմ ուժային գործողություններին։ Դրանք կարող են բազմաթիվ զոհերի բերել։ Ես 2 անգամ եղել եմ գնդի ներսում, երրորդ անգամ ոստիկանությունն այլևս թույլ չտվեց մտնել։ Մինչ այս պահը թույլ չեն տալիս»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Նա նշեց, որ ուժային գործողությունների կիրառումը կարող է սպառնալ ինչպես զինված խմբավորման, այնպես էլ ոստիկանների, այդ թվում` փոխոստիկանապետների կյանքին։ Նա ասաց, որ իր հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամները խոստացել են որևէ գործողություն չիրականացնել, եթե ոստիկանության կողմից չլինի գրոհ։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանը մեկուսարանում չի կարող ամբողջական տեղեկություն ստանալ եղածի վերաբերյալ։ Միայն մի բան հստակ է` Սեֆիլյանը հեռախոսազրույց է ունեցել Էրեբունու ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանի հետ։ Սակայն մանրամասների ինքը չի տիրապետում։
Փաշինյանը գրավված տարածքում տեսել է 26 մարդու, բայց վստահ չէ, որ նրանց թիվն այդքանով սահմանափակվում է։
Փաշինյանը սխալ է համարում ոստիկանության գործելաոճը, այն է` ձերբակալել այն մարդկանց, ովքեր այս ժամերին հավաքվում են փողոցներում ու իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնում։
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։