ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի- Sputnik. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը պետք է դաս լինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց թուրքագետ Արմեն Պետրոսյանը:
«Այդքան ինքնավստահ գործող Էրդողանի դիրքերը զգալիորեն խարխլվեցին: Դա դաս կլինի նրանց համար, որպեսզի վերանայեն իրենց քայլերը, քաղաքականությունը և ավելի զգույշ գործեն»,- ասաց Պետրոսյանը:
Նա հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռազմական իշխանությունները փորձում են միջամտել երկրի կառավարմանը, սակայն այս անգամ գործող իշխանությունն ավելի ուժեղ է եղել, ինչը հանգեցրել է հեղաշրջման տապալման:
«Դժգոհություն է եղել նաև երկրի ներսում, մասնավորապես, զինվորականների և արտաքին ուժերի՝ Արևմուտքի մոտ: Ես որոշակի միջամտություն եմ տեսնում Արևմուտքից, սակայն փորձագիտական ոլորտում նման սցենարի վերաբերյալ ինչ-որ հստակ ենթադրություններ չեն եղել»,- ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ դա անսպասելի էր, թեև բոլոր հիմքերը կային իրադարձությունների նման զարգացման համար:
Ինչ վերաբերում է Էրդողանի աջակցությանը բնակչության կողմից և քաղաքացիներին ուղղված նրա կոչին՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, ապա, Պետրոսյանի կարծիքով, պետք է հասկանալ, որ Էրդողանը հետևորդների մեծ բանակ ունի, որոնք պաշտպանում են նրա դիրքերը: Մյուս կողմից, հեղաշրջման կազմակերպվածության մակարդակն ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով անթերի չի եղել:
«Նրանց գործողություններն այդքան վճռական չեն եղել, ինչը թույլ է տվել գործող կառավարությանը կանխել իշխանության զավթումը»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց, որ իշխանությունները սկսել են աշխատել բանակի դերի թուլացման ուղղությամբ դեռ մի քանի տարի առաջ, սակայն դա բավարար չի եղել հեղաշրջման նախապատրաստումը կանխելու համար:
Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում կատարվել է ռազմական հեղաշրջման փորձ: Անկարայում խորհրդարանի շենքի և նախագահական նստավայրի վրա նետել են ռումբեր, դատախազության տվյալներով՝ Անկարայում և Ստամբուլում մահացել է առնվազն 60 մարդ: