ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի-Sputnik. Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում մեկնարկեց գերմանացի հայտնի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Առաջին ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոքննադատ Րաֆիի Մովսիսյանը հանդիսատեսին ներկայացրեց Քելեմենի ստեղծագործական ուղին` նրան անվանելով կինոյի եզակի գործիչ ինչպես ռեժիսորական, այնպես էլ օպերատորական ոլորտներում։
Մովսիսյանը հիշեցրեց, որ սա Հայաստանի և Քելեմենի առաջին հանդիպումը չէ. ժամանակին գերմանացի ռեժիսորը մասնակցել է հայկական ֆիլմերից մեկի ստեղծմանը։
Քելեմենին ներկայացնելը շարունակեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը` օրվա հերոսին անվանելով ինչպես Հայաստանի, այնպես էլ փառատոնի մեծ ընկեր։ Խաչատրյանը նրան հանձնեց «Վարպետ» մրցանակը` համաշխարհային կինոարվեստում ունեցած ավանդի համար։
Վարպետի համար պարգևատրումն անկակնկալ էր։ Քելեմենը մի փոքր շփոթված մի քանի անգամ ասաց «շնորհակալություն»։
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է Sputnik Արմենիան։