Դեռ կյանքի օրոք մաեստրոն կենդանի լեգենդ դարձավ, նա Երևանի մի շարք մոնումենտալ արձանների, այդ թվում նաև Կասկադի սրահներից մեկի հեղինակն է։
«Գաֆէսճեան» մշակույթի կենտրոնի դռները, որտեղ մենք պետք է հանդիպեինք մաեստրոյի հետ, փակ էին։
«Մի՞թե հանդիպումը չի կայանա», — մտածեցի ես և մտազբաղ մոտեցա անվտանգության աշխատակցին։
«Երեք հարկ ներքև իջեք և աջ գնացեք», — ասաց անվտանգության աշխատակիցը։ Արագ քայլերով ես գնացի այնտեղ, որտեղ մատնանշել էր «Գաֆէսճեան» մշակույթի կենտրոնի անվտանգության աշխատակիցը։
Ամբողջ ճանապարհին մտածում էի` ինչպես սկսել զրույցը, որպեսզի մեծ ճարտարապետը, ով հայտնի է նաև «լռության մաեստրո» անունով, զրուցեր ինձ հետ։
Մտնելով Արտաշես Հովսեփյանի անունը կրող կիսադատարկ, մեծ ու լուսավոր դահլիճը` միանգամից նկատեցի «Սասունցի Դավիթ» հարթաքանդակը։ Քանդակի նախշերը ձգողական ուժ ունեն, դրանց կարելի է ժամերով նայել։ Միանգամից մտաբերում ես դրվագներ հայկական էպոսից, հայ ժողովրդի պայքարը։ Այդ կոմպոզիցիայում տեսնում ես հայ ժողովրդի ցավը։
Նայեցի շուրջս` մաեստրոյին տեսնելու ակնկալիքով, սակայն նա չկար։ Մի քանի րոպե անց մեզ հայտնեցին, որ վատ ինքնազգացողության պատճառով ճարտարապետը չի ներկայանա։ Եվ այստեղ հիշեցի մաեստրոյի խոսքերը. «Իմ քանդակներն իրենք են խոսում»։
«Դուրս արեք այս աղբը քաղաքից»
Հովսեփյանը օգնեց իրականացնել Երևանի գլխավոր հատակագիծը, որը նախագծել էր Հայաստանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
«Մենք բոլորս մեծացել ենք Հովսեփյանի արվեստը դիտելով, նա ճարտարապետության աշխարհի յուրօրինակ քրիստոմատիա է։ Սակայն նրա հետ անձամբ ես ծանոթացել եմ երեք տարի առաջ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։
Նա հաստատեց, որ մաեստրոն իսկապես սակավախոս է, երբեմն կարող է կտրուկ լինել։ Սրա վառ ապացույցն է նրա վերջին արտահայտությունը մեծանուն հայ գործիչներ Գարեգին Նժդեհի և Համազասպ Բաբաջանյանի արձանների վերաբերյալ։
«Դուրս արեք այս աղբը քաղաքից», — ասել է Հովսեփյանը։
Ի տարբերություն ժամանակակից քաղաքային քանդակների` վարպետի ստեղծագործություններն ազգային մոտիվների և արդիական տարրերի համադրության օրինակ են։
«Նա այնքան ինքնաբավ է, որ նրան բացարձակ չի մտահոգում, թե ով, ինչպես և ինչ է խոսում իր մասին», — ասաց Սարգսյանը։ Հարցին` արդյո՞ք մաեստրոն իրեն միայնակ զգում է, պատասխանեց` արվեստի ցանկացած մարդ` միայնակ է։
Սառնակունքից Լենինգրադով մինչև Երևան
Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականին Սառնակունք գյուղում։ Արվեստագետները կարծում են, որ ծննդավայրն իր հետքն է թողել վարպետի ստեղծագործական կյանքի վրա։ 1954 թվականին նա ընդունվել է Երևանի Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստի ուսումնարան, որտեղ նրա դասախոսն է եղել Ղուկաս Չուբարյանը։
Հենց Չուբարյանն է համոզել Հովսեփյանին մեկնել Սանկտ Պետերբուրգ սովորելու գեղարվեստի ակադեմիայում։ Ապագա քանդակագործը կարծում էր, որ ինքն այնքան էլ լավ չի տիրապետում ռուսաց լեզվին նման հանդուգն ուղևորության համար։ Սակայն այնուամենայնիվ մեկնեց Պետերբուրգ։
Քանդակագործը մինչ օրս գերադասում է աշխատել քարի հետ` նրան նոր շունչ հաղորդելով։
Երևանի փողոցներով քայլելիս գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է հանդիպել Հովսեփյանի արվեստի նմուշներին։ Դա բազալտից կերտված Ալեքսանդր Թամանյանի արձանն է, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի և Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները։