Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Ս. Էջմիածին. Մայր տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի նախագահի նստավայրում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում:
Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք։
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: