ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների նորագույն պատմության մեջ հոբելյանական տարի է՝ նշվելու է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության եւ փոխըմբռնման պայմաններում, որը դրսեւորվել է նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ գրեթե նույնանման մոտեցումներով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն, առկա է մեծ ներուժ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը և Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն այդ ուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը:
ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը հեռանկարային են համարել փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, ենթակառուցվածքների զարգացում, կրթություն, մշակույթ, համագործակցության խորացումը և կարևորել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Դեսպան Յոգեշվար Սանգվանը վստահեցրել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: