ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Արաբկիրի բաժինների և ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24- ամյա Շահեն Գասպարյանին ու Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:
Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել նաև այն մեքենաները, որոնցով կասկածյալները, ըստ նախնական տվյալների, պետք է լքեին երկիրը:
Նույն օրը դատարանի որոշմամբ և ընթերակաների ներկայությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում մեքենաները խուզարկվել են:
«BMW»-ից հայտնաբերվել են դանակ, դիմակ, ոսկեղեն, բջջային հեռախոսներ, ձեռքի ժամացույցներ, ֆոտոխցիկ, ուկրաինական դրամ և այլն: «Ժիգուլու» խուզարկությամբ հայտնաբերվել են երկու զույգ ձեռնոց, մետաղյա կարճ լինգ և այլն:
Նույն օրը խուզարկվել է Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի տունը, որտեղից հայտնաբերվել են թանկարժեք հուշանվերներ, դանակներ, ատրճանակ և այլն: Շահեն Գասպարյանի մոտ հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային տոպրակով կանաչավուն զանգված:
Նույնատիպ զանգված է հայտնաբերվել նաև Նիկոլայ Հարությունյանի մոտ:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն` իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: