ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Պարզվում է` գողերն էլ են նախընտրական տարում քաղաքականացվել: Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի տուն: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, որի տվյալով` Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում էին իմանալ՝ դրանք իրո՞ք Ֆաբերժեի ձվերն են, թե՞ «պադդելկա»:
«Բեգլարյանը հայտարարել է, որ «պադդելկաներ» են: Ընդ որում՝ իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատմամբ բավականին անտարբեր` միշտ բաց թողնող Ֆլեշի Բարսեղը «սրտնեղել» է, թե. «Եկել հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի ճարեմ, փող տամ դրանց»: Ինչ վերաբերում է Զուրաբյանին, ապա նրա տնից նույնպես ոսկի և արծաթ են գողացել»,- նշված է թերթում:
Ոստիկանությունը խոստանում է այս դեպքերի կապակցությամբ պաշտոնական տեղեկություն հրապարակել, սակայն հաստատում է, որ Բարսեղ Բեգլարյանի առանձնատան գողության գործով արդեն կան ձերբակալվածներ։