ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել այն հարցը, թե ինչպես է նկարահանվել համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է ադրբեջանցիների տեղաշարժը։ Տեսանյութում հայ զինվորներն ադրբեջանցիների տեղաշարժի մասին անմիջապես զեկուցում են հրամանատարությանը, հետո զինվորներից մեկն ասում է, որ գործողության դիմելու որևէ հրահանգ չի տրվում։
Տեսանյութի հեղինակի անունը չի հրապարակվում, սակայն մի բան պարզ է, որ նա հեռախոսով նկարահանել է տեսանկարահանող սարքից ու տեսանյութը տեղադրել համացանցում։
«Հարցրեք ՊԲ-ին։ Չպետք է հայտնվեր այդ տեղեկությունը, անօրինական էր, ամբողջ աշխարհում դրա համար դատապարտում են»,-այսքանով թեմայի շուրջ իր խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը։
Նա խոսեց նաև ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի մասին։ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց իր վերջին հայտարարությունը` կրկնելով` վճռական պահերին որոշող է լինելու հայկական հրամանատարությունը։ Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, որ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու շուրջ կարծիքներ են հնչում, թե Հայաստանը կկորցնի անկախությունը օդային պաշտպանության ոլորտում, նա պատասխանեց.
«Ամեն մեկն իր մեկնաբանության իրավունքն ունի»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, որ զինված ուժերում թերություններ կան, ու դրանց վերացման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում։
«Թերություններ միշտ լինելու են, աշխատող մարդու մոտ թերությունների վերացում հնարավոր չէ, մանավանդ դինամիկ մարտական գործողությունների, անվտանգության խնդիրների միջավայրում։ 21-րդ դարում ռազմական մոդա հաստատող պետություններն անգամ 5 տարին մեկ ինչ-որ դոկտրինաներ են փոխում»,-ասաց նա։
Քառօրյա պատերազմից հետո հասարակական արձագանքն ու բանակում տիրող իրավիճակը հետաքրքրել է նաև «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությանը, և մասնագետները որոշել են հետազոտություն անցկացնել։ Այն կատարվել է դեմ առ դեմ հարցման միջոցով։ Հանրապետության ամբողջ տարածքում մայիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցախույզին մասնակցել է 1106 մարդ։
Հարցերից մեկը վերաբերել է հայոց բանակի պատրաստվածությանը` լայնածավալ գործողությունների դեպքում։
«Հարցվողների գերակշիռ մասը` 84.4 տոկոսը, կարծում է, որ մեր բանակը լիովին պատրաստված է»,-ասաց «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ըստ հարցումների պատասխանների` հանրությունը վստահում է նաև սահմանը պահող մեր զինվորներին։ Ըստ այդմ, զինծառայողների ռազմական պատրաստվածությունը 5 բալանոց համակարգով գնահատվել է 4.9 բալ։
Հարցախույզը ցույց է տվել, որ պետության առջև ծառացած գլխավոր խնդիրը պատերազմական իրավիճակն է, որին հաջորդում են գործազրկությունն ու տնտեսական վիճակը։