Լաուրա Սարգսյան, Sputnik.
Երևանի Ի. Ռոդնինայի անվան դպրոցում, որը գործում է մոտ 5 ամիս, մայիսի 30-ին և 31-ին տեղի է ունեցել Գեղասահքի բաց առաջնություն, որին մասնակցել են բազմաթիվ գեղասահորդների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Հայաստանի բաց առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը սկսվեց նախօրեին երեկոյան` 40 րոպե ուշացումով։ Երեխաներն ու նրանց ծնողները, Ռուսաստանի, ՄԱԷ-ի և այլ երկրների մասնակիցները, ինչպես նաև լրագրողները, սպասում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Քաղաքապետը ժամանեց միայն շոու-ծրագրի ժամանակ, որը նույնպես սկսվեց ուշացումով։ Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե որքանով է կարևոր այս առաջնությունը, քաղաքապետը նշեց, որ «եթե այսքան մարդ է հավաքվել, դա արդեն կարևոր է, և դպրոցը, միանշանակ, երևանցիների համար սիրված վայր է դարձել»։
Երևանի Իրինա Ռոդնինայի անվան դպրոցում գեղասահքի բաց առաջնություն առաջին անգամ էր կազմակերպվում։ Հայաստանից առաջնությանը մասնակցել է ավելի քան 20 գեղասահորդ, մյուսները ժամանել էին աշխարհի տարբեր ծայրերից։
«Մրցումները կոփում են մեր գեղասահորդներին, և դրանք մեզ անհրաժեշտ են», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց պատանի մարզիկների մարզիչ Էլեն Համբարձումյանը։
Նա ավելացրեց, որ դպրոցի բացվելուց հետո նկատելի է դարձել գեղասահորդների մարզական աճը, ինչպես նաև այն, որ ավելացել է գեղասահքով զբաղվել ցանկացողների թիվը։
Թեև ամենից շատ մրցանակային տեղեր զբաղեցրել են Ռուսաստանի մարզիկները, սակայն հայ գեղասահորդները չեն ընկճվում և մարտական են տրամադրված` սպասելով հետագա հաղթանակների։
Էլեն Ծատուրյանը գեղասահքով զբաղվում է 6 տարեկանից և Բաց առաջնության ժամանակ գրավել է երրորդ տեղը։ Աղջիկը խոստովանում է, որ Հայաստանի գեղասահորդների համար ավելի դժվար է, որովհետև նախկինում մարզային համալիր չկար, և նրանք չէին կարող հաճախակի մարզվել։
«Երևում է, որ Ռուսաստանի մասնակիցներն ավելի լավ են պատրաստված։ Սակայն այսուհետ մենք էլ հնարավորություն ունենք ամեն օր մարզվել խաղերի համար», — ասում է Էլենը։
Էրիկ Աբրահամյանը գեղասահքով զբաղվում է 4 տարեկանից և երազում է այս մարզաձևում աշխարհի չեմպիոն դառնալ։ Այս մրցումներում նա երրորդ տեղն է զբաղեցրել, սակայն Էլենի նման չի տխրում և կարծում է, որ նման պայմաններում մարզվելը և բրոնզե մեդալ նվաճելն էլ քիչ բան չէ։
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը Երևանում բացվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Դպրոցը կառուցվել է «Մոնարխ» ընկերությունների խմբի նախագահ, «Դրուժբա» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ և հանձնվել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը։ Դպրոցը 7820 քմ տարածք է զբաղեցնում։