ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հայտնում է Bild-ը։
«Ինչի՞ համար նոր պայմանագիր կնքել հիմա, եթե այն ուժի մեջ է մինչև 2017 թվականը։ Մենք դեռ ժամանակ ունենք ապագայի մասին մտածելու համար», — ասաց Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան։
Հայտնում են, որ ֆուտբոլիստը ներկայիս պայմանագրի պարտականությունները կկատարի մինչև վերջ, սակայն հետո հավանաբար կանցնի անգլիական պրեմիեր լիգա, որտեղ Մխիթարյանով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դորտմունդի «Բորուսիան» չի ընդունել անգլիական ակումբների առաջարկը Մխիթարյանին տեղափոխելու մասին։
Կիսապաշտպանն անցյալ խաղաշրջանի արդյունքում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ 27-ամյա կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։
2015/16 խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Բունդեսլիգայի 31 խաղի` դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Գերմանիայի Գավաթի արդյունքներով ճանաչվել է լավագույն ռմբարկու, ով գավաթի խաղերի ժամանակ 5 գնդակ է դարպաս ուղարկել։