Ստորև ներկայացնում ենք Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի հետ հարցազրույցը, որը վարել է Խաչիկ Չախոյանը։
- Հայ մարզիկներն ինչպե՞ս են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին, և ինչպիսի՞ դոպինգ թեստեր են անցկացվելու Բրազիլիայում անցկացվող խաղերից առաջ:
— Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է 2009 թվականի փետրվարից: Այդ տարվա աշնանը մենք արդեն անցկացրել ենք մեր առաջին դոպինգային ստուգումները: Հայաստանի հակադոպինգային կազմակերպության կանոնները համապատասխանում են համաշխարհային հակադոպինգային գործակալության կանոններին: Ռիոյի Օլիմպիական խաղերի հետ կապված աշխատանքը մենք սկսել ենք անցյալ տարվա նոյեմբերից: Աշխատանքը սկսվեց, երբ հայտնի դարձան արդեն Օլիմպիական խաղերի վարկանիշ ստացած առաջին մարզիկները:
Հակադոպինգային ստուգումները մեկն իրականացնում ենք երեք ուղղությամբ: Առաջինը դա համաշխարհային հակադոպինգային գործակալության դրամաշնորհն է, որը տրվում է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությանը, և մինչև օլիմպիական խաղեր նախատեսված է անցկացնել 15-20 թեստավորում:
Երկրորդը դա միջազգային ֆեդերացիաներն են ու, առաջին հերթին, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, որի հետ մենք պայմանագիր ունենք կնքված: Բացի այդ, մենք Հայաստանի տարածքում անցկացվող ըմբշամարտի մրցումներում իրավունք ունենք թեստավորելու յուրաքանչյուր ըմբիշի` անկախ այն հանգամանքից, թե որ երկրից է նա:
- Դոպինգ օգտագործելու համար մեղադրվող շատ մարզիկներ հաճախ նշում են, որ իրենք տվյալ դեղամիջոցն օգտագործել են առանց իմանալու: Ինչ-որ տեղ մեղքը գցում են բժիշկների վրա: Նման բան կարո՞ղ է լինել:
— Նախևառաջ «բռնվում» են այն մարզիկները, որոնք ուզում են անազնիվ միջոցով հասնել արդյունքի: Նշանակում է, որ այդ մարզիկն արդեն անազնիվ է ու մեղքը ուզում է գցել ուրիշի վրա: Շատ քիչ դեպքեր են լինում, երբ բժիշկը մեղքի իր բաժինն ունի: Հիմա ըմբշամարտի և ծանրամարտի մեր հավաքականներում իրենց գործին լավատեղյակ ու բարձր մակարդակի բժիշկներ են աշխատում: Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, ու մեր բժիշկներն առաջինն են տեղեկանում նոր արգելված դեղամիջոցների մասին:
-Իսկ ինչպե՞ս են ընդունվում որոշումները այս կամ այն դեղամիջոցը որպես դոպինգ հայտարարելու ու մարզիկներին արգելելու համար:
— Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն ունի հատուկ հանձնաժողով, որտեղ ընդգրկված է տարբեր երկրների 32 մասնագետ: Արգելման առաջին չափանիշն այն է, որ տվյալ նյութը կարող է օգնել մարզիկին իր մարզական արդյունքները բարձրացնելու համար: Երկրորդ չափանիշն այն է, որ այդ նյութը վտանգավոր է մարզիկի առողջությանը: Եվ երրորդ չափանիշն էլ այն է, որ անընդհատ մոնիտորինգ է անցկացվում ու, եթե 5000 ավելի մարզիկների կողմից օգտագործվել է այդ նյութը, ապա դրվում է տվյալ նյութի արգելելու կամ չարգելելու հարցը:
- 2016 թվականին «Միլդրոնատի» հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: Շատ ճանաչված մարզիկ-մարզուհիներ մեղադրվեցին այդ դեղամիջոցն օգտագործելու մեջ, իսկ «Միլդրոնատն» արգելվել էր 2016 թվականի հունվարի 1-ից: Հնչեցին բազմաթիվ դժգոհություններ, իսկ դեղամիջոցը հայտնաբերողն էլ իր հերթին նշեց, որ «Մելդրոնատը» դոպինգ չէ:
— «Միլդրոնատի» իրական էֆեկտը կազմում է 7-10%, ու սա բարձր արդյունք չէ: Այսինքն մարզիկի մարզական հաջողությունները կարող են բարձրանալ այսքանով: Բայց կան սուտ կատարված աշխատանքներ հատկապես Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Վրաստանում, որտեղ պաշտպանվել են դիսերտացիաներ` նշելով այս դեղամիջոցի էֆեկտիվության 50-60, 70 և նույնիսկ 100 տոկոսի մասին:
Պարզապես դեղ արտադրողը PR էր կազմակերպում, որպեսզի դեղամիջոցը վաճառվի: Քանի որ «Միլդրոնատ» օգտագործող մարզիկների թիվը շատ մեծ էր և տարբեր լրատվամիջոցներում ու գիտնականների կողմից նշվում էր բարձր էֆեկտիվության մասին, «Միլդրոնատն» արգելվեց: Մասնավորապես մեր կազմակերպությունը նամակով դիմեց համաշխարհային գործակալությանը «Միլդրոնատը» դոպինգ չճանաչելու համար: Բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չփոխվեց:
- Վերջերս ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշեց, որ չի բացառվում Ռուսաստանի օլիմպիական հավաքականի որակազրկումը դոպինգ օգտագործելու պատճառով: Այս ամենի հիմք հանդիսացավ Ռուսաստանում հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովի ելույթը «Նյու Յորք Թայմս» թերթում:
— Ռուսաստանի կողմից այս պահի դրությամբ մենք ունենք մինչև 2015 թվականի հրապարակված տվյալները: Վերջին հինգ տարիների ընթացքում առաջինն է աշխարհում դոպինգ օգտագործող մարզիկների թվով: Օրինակ՝ 2014 թվականին ռուս 148 մարզիկ է որակազրկվել: Նախկին Խորհրդային Միության ու հիմա Ռուսաստանում գործող հակադոպինգային կազմակերպությունները կարելի է ասել հովանավորություն են իրականացրել, պարզապես «փախցնելով» մարզիկներին դոպինգ թեստերից: Բացի այդ կոռուպցիան իր դերն ունի: Ես 23 տարի է (որոշ ընդմիջումներով) աշխատում եմ այս ոլորտում ու մեզ մեկ անգամ է փող առաջարկվել թեստը կեղծելու համար:
- Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հանդես եկած մարզիկների դոպինգ թեստերը օրենքով պետք է պահպանվեն 10 տարի:
— Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիան փակվեց այն պատճառով, որ ուրբաթ օրը հակադոպինգային համաշխարհային գործակալությունից զանգում ու հարցնում են, թե քանի նմուշ ունեն դոպինգ թեստերը, պատասխանում են` 10 հազար և ավելի: Երբ երկուշաբթի գործակալությունից գալիս են Մոսկվա, նմուշների թիվը կազմում է 8400: Այսինքն, իմ կարծիքով, Սոչիից վերցրած հենց այդ նմուշները ոչնչացվել են: Սակայն նշեմ նաև, որ Սոչիի Օլիմպիական խաղերից վերցված նմուշների միայն 55 տոկոսն է ստուգվել Մոսկվայում: Մնացածը` Մոնրեալում և Քյոլնում:
- Գրիգորի Ռոդչենկովն իր հոդվածում նշել է որ վիսկիի հետ ինչ-որ խառնուրդ է պատրաստել ու տվել մարզիկներին: Դուք դա հնարավո՞ր եք համարում:
— Բացարձակ ոչ: Նման բան չի կարող լինել: Միակ բանը, որը հնարավոր էր մարզիկի հետ, դա, այսպես կոչված, «պլանը» կամ մարիխուանան է: Հոլանդիայում և ասիական որոշ երկրներում, որտեղ էր ազատ վաճառք կա, և բոլորն էլ կարող էին օգտագործել մարիխուանան մրցումների ընթացքում մարզիկները կարող էին երկար գտնվել բարերում կամ այդ նյութը օգտագործվող մարդկանց մոտ, հնարավոր էր` ինչ-որ քանակի այդ նյութից օրգանիզմում հայտնաբերվեր: Եվ այդ պատճառով այդ նյութին թույլատրելի սահմանը տասը անգամ բարձրացվեց:
- Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտարարվեց, որ Հռիփսիմե Խուրշուդյանն էլ է «Միլդրոնատ» օգտագործել, բայց մեր մարզուհու օրգանիզմում դեղամիջոցի պարունակությունը շատ ցածր տոկոս էր կազմում:
— Այո, ես այդ մասին արդեն հայտարարել եմ: Հռիփսիմեն որոշակի քանակ օգտագործել էր դեռևս 2015 թվականին, երբ «Միլդրոնատն» արգելված չէր: Հետո էլ անհանգստանալու պատճառ մենք չունեինք:
- Այժմ ձեր կազմակերպությունը մեր օլիմպիականներին յուրաքանչյուր պահի թեստավորելու իրավունք ունի՞:
— Այո, իհարկե: Մենք խորհրդակցում ենք միայն Հակադոպինգային համաշխարհային ասոցիացիայի և համաշխարհային գործակալության հետ` ժամկետները կոնկրետ որոշելու համար:
- Իսկ պատահու՞մ է, որ այն մարզիկը, որին դուք ուզում եք թեստավորել, չի լինում մրցմանը կամ մարզմանը:
— Եթե ինֆորմացիա ստանում են թեստեր անցնելու վերաբերյալ, մարզիկը մեղմ ասած կարող է փախչել: Այդ դեպքում մենք նախազգուշացում ենք տալիս: Բայց նախազգուշացումն էլ կարող է լինել երեք անգամ, ոչ ավելի: Համենայնդեպս հայ մարզիկների հետ կապված մենք ոչ մի խնդիր չունենք, և հուսով եմ` օլիմպիական խաղերում մենք կհասնենք բարձր արդյունքների: