ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում կոռուպցիայի աստիճանը բարձր է, և պետք է քայլեր իրականացնել` այն նվազագույնի հասցնելու համար։ Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը քաղաքական ու հասարակական շրջանակում այնքան էլ մեծ արձագանք չի առաջացրել։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը կառավարության ղեկավարի հայտարարությանը չի հավատա, քանի դեռ չի տեսել դրա հետևանքը` պատիժը։ Բացի այդ, նրա կարծիքով` միայն կառավարությունը չի կարող պայքարել այդ չարիքի դեմ` առանց հասարակության մասնակցության։
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ևս սպասում է կոնկրետ քայլերի։
«Սպասենք գործողություններին։ Հարյուր անգամ եղել է այդ վիճակը, օրինակ` գոմեշի մսի գործ է եղել, ասել են` ուսումնասիրություններ են կատարվում, չգիտեմ` ով է պատժվել, երևի մի մարդ, որից կախված չի եղել գործարքի քաղաքական պատասխանատվությունը։ Նույնը այստեղ կարող է լինել»,- ասաց Թևան Պողոսյանը`անդրադառնալով մասնավորապես պանամական փաստաթղթերում հրապարակված ու մինչ օրս անարձագանք մնացած փաստերին։
Հիշեցնենք, ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն են հրապարակել: Համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներին ու գործարարներին, այդ թվում` նաև մի քանի տասնյակ հայերի ստվերային գումարների փաստեր են բացահայտվել: Թևան Պողոսյանը նշում է, որ առաջին անգամ չէ, երբ նման փաստեր են հրապարակվել, բայց դրանք որևէ հետևանք չեն ունեցել։ «Եղել են դեպքեր, երբ այդ գործընթացների արդյունքում ընդհանրապես որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,- նշում է նա։
Թևան Պողոսյանն առաջարկում է պարբերաբար դիմել կառավարությանն ու այս գործընթացի մասին տեղեկատվություն պահանջել` ինչ է ուսումնասիրվել, ինչ է բացահայտվել, ում անուններն են շրջանառում պանամական փաստաթղթերում։ Պատգամավորը խոստացավ նաև ԱԺ-ում ուշադրության կենտրոնում պահել այս հարցը։
Բայց թեև կառավարությունը հայտարարում է կոռուպցիայի դեմ նախաձեռնած պայքարի մասին, այնուհանդերձ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը պանամական փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո հայտարարեց, որ «կառավարությունը պանամական փաստաթղթեր չի ուսումնասիրում. դա կառավարության լիազորությունը չէ»։
Արձագանքելով կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի այս հայտարարությանը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց.
«Կառավարությունը ճիշտ է անում, որ չի ուսումնասիրում, դա պետք է անի անկախ հետաքննական ու դատավարական մարմինը, որը Հայաստանում չկա»։
Ինչ վերաբերում է կառավարության լիազորություններին, «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ նման նյութերի ուսումնասիրությունը կառավարության ուղիղ գործառույթն է, քանի որ, ըստ նրա, դրանք չվճարված հարկերն են, թալանված գումարներն են, և պետք է բացահայտեն, թե այդ գումարները որտեղից հայտնվեցին օֆշորում։
Իսկ այն, որ այդ գումարները կվերադարձվեն Հայաստան, Արմեն Մարտիրոսյանն ընդհանրապես անհավանական է համարում։
«Մի կոռուպցիոները մյուսից վերցնի՞ ու վերադարձնի՞, մոռացեք այդպիսի բան։ Նրանք մեկը մյուսի հետ կապված են այդ համատեղ գործերով»,- վստահեցնում է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` կոռուպցիայի դեմ պայքարի հերթական փուլն ազդարարած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը միշտ է եղել, բայց այժմ այն ավելի ակտիվ է լինելու: