ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:
«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը և բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:
«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսևորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Պանոս Կամենոսն իր հերթին կարևորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նույն օրն Էդուարդ Շարմազանովը և Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: