ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվում Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը, հայտնեց Հայաստանի ԱԺ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում։
«Պատգամավորներին ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնում եմ, որ պատգամավորները համապատասխանաբար Հունաստան-Հայաստան, Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներն են, որոնց հայկական խմբերի ղեկավարը Էդուարդ Շարմազանովն է»,- նշված է գրառման մեջ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։