ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ:
Սարգսյանը նշել է, որ Մեդվեդևի նախորդ այցի ժամանակ բարդ ժամանակաշրջան էր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով:
Նա նշել է, որ բառացիորեն մի քանի օր առաջ է վերադարձել Վիեննայից, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեդվեդևն ընդգծեց, որ սա երկրորդ հանդիպումն է Սարգսյանի հետ մեկ ամսվա ընթացքում, և դա, շատ լավ է, քանի որ բնութագրում է ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների մակարդակը, այն կապերի դաշնակցային բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև:
«Շնորհակալություն կառավարությունների ղեկավարներին Երևանում այս միջոցառումը անցկացնելու հրավերի համար, որովհետև սա առաջին նման միջոցառումն է ձեզ մոտ: Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար»,- նշեց ՌԴ վարչապետը:
Նա համաձայնեց, որ իր անցած այցը կայացավ շատ դժվար իրավիճակի պայմաններում: Նրա խոսքով` Ռուսաստանում շատ լարված հետևում էին իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
«Կարևոր է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը, որոնք նախաձեռնվում են երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ. և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու»,- ասաց Մեդվեդևը:
ՌԴ վարչապետն ընդգծեց, որ պետք չէ կասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում:
«Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: