ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։ Նա նաև մի քանի լուսանկար է հրապարկել։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է մայիսի 16-ի երեկոյան։
Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: