ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի- Sputnik. Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցված է Լոռու մարզում, որտեղ 2012թ.-ին արձանագրվել է 321 ամուսնալուծություն, իսկ 2015թ.-ին` 381, երկուշաբթի լրագրողներին ասաց ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով` միայն անցյալ տարվա ընթացքում 1000 զույգերից 208-ն ամուսնալուծվել է։ Նա նշեց, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը համապատասխան վերլուծություն է անցկացրել` երկրում ամուսնալուծությունների պատճառները պարզելու համար։ Հետազոտության շրջանակում, որն անցկացվել է 2015-2016 թթ., հարցվել է 1200 մարդ, որոնք ամուսնալուծվել են վերջին մի քանի տարիներին, ինչպես նաև 18-60 տարեկան 2000 քաղաքացի։
Հարցման արդյունքների համաձայն` առաջին հերթին ընտանիքները քանդում են սոցիալական և ֆինանսական խնդիրները։
«Անկասկած, բնակարանի, կրթության և մշտական աշխատանքի բացակայությունն ազդում է ամուսնալուծության հետ կապված իրավիճակի վրա»,- նշեց Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի իրավիճակին, ապա Հայրապետյանի խոսքով` Հայաստանում գրեթե երեք անգամ ավելի քիչ են ամուսնալուծվում, քան Վրաստանում (3669 2015թ.-ի 9112-ի փոխարեն)։
«Միաժամանակ Ադրբեջանում նույն շրջանում կնքվել է 84 912 ամուսնություն, խզվել` 12 088-ը, Թուրքիայում, համապատասխանաբար, 602 982 և 131 830»,- ասաց Հայրապետյանը։
Իր հերթին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը, ներկայացնելով անցկացված հետազոտության արդյունքները, նշեց, որ ամենից քիչ ամուսնալուծվում են միասին 15-19 տարի ապրած զույգերը (8,4 տոկոս), ինչպես նաև մեկ տարի` 11,1 տոկոս։
«Միաժամանակ ամուսնալուծվածների 60,1 տոկոսը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն։ Միջին մասնագիտական կրթություն ունի 14,9 տոկոսը, իսկ բարձրագույն կամ հետբուհական` 24.9 տոկոսը։ Միաժամանակ ամուսնալուծված կանանց և տղամարդկանց 23 և 24 տոկոսն է աշխատում»,- ասաց Սարգսյանը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է ընդհանուր առմամբ 850 ամուսնալուծություն` 321 դեպք Երևանում, 146 դեպք` Լոռու մարզում, 71` Շիրակի մարզում, 66` Կոտայքի, 60` Արմավիրի, 51` Արարատի, 40` Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։ Իրավիճակն ավելի մխիթարական է Հայաստանի մյուս մարզերում։ Նշված շրջանում Սյունիքի մարզում գրանցվել է 34 ամուսնալուծություն, Տավուշի մարզում` 17, Վայոց Ձորի մարզում` 13։