ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի 102 և Լեռնային Ղարաբաղի 10 թանգարաններ այցելուների համար նախապատրաստել են գունեղ կրթամշակութային և ինտերակտիվ շոու։
«Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային 2005թ.-ից։ Թանգարանների ներկայացրած ծրագրերը տարեցտարի փոխվել են։ Այս տարի ցուցահանդեսների շրջանակում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված երկրի անկախության 25-ամյակին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ազգային արհեստների վարչության մասնագետ Գոհար Սաիյանը։
Սաիյանի խոսքով` տարեցտարի նկատվում է թանգարանների այցելուների թվի աճ։ Այսպես, եթե 2010թ.-ին միջազգային ակցիային միացել են Հայաստանի 34 թանգարաններ, ապա արդեն 2015թ.-ին դրանց քանակը հասել է 111-ի` 212 000 այցելուով։
Դա հաստատեց նաև Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Մարինե Արոյանը։
«Եթե առաջին տարիներին «Թանգարանային գիշերի» ժամանակ կարելի էր տեսնել միայն երիտասարդների, ապա հիմա մարդիկ ընտանիքներով են գալիս»,- ասաց Արոյանը։
«Թանգարանային գիշեր» ակցիայի կարգախոսը կլինի «Թանգարանները և մշակութային լանդշաֆտը»։ «Ծրագիրը պատահական չի ընտրվել, քանի որ թանգարանների զարգացման հիմնական ուղղությունը փոխվում է, դրանք կրում են ոչ միայն կրթական բնույթ, այլև ունեն սոցիալական պատասխանատվության ուղղվածություն»,- ասաց Արոյանը։
Նա պարզաբանեց, որ «սոցիալական պատասխանատվության» տակ պետք է հասկանալ հասարակության կյանքում թանգարանների ակտիվ մասնակցությունը։ Դրանք թե՛ կրթական ծրագրերն են` մշակված անապահով ընտանիքների համար, թե՛ տարբեր միջոցառումների անցկացումը, որոնք ունեն զվարճանքի գործառույթ։