ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. 2016 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում կանցկացվի մայիսի 21-ին, հաղորդվում է մշակույթի նախարարության կայքում:
Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան: Մայիսի 21-ին ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, մասնակից-թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ «Թանգարանների միջազգային օրը», ողջ օրվա ընթացքում` կրկին անվճար:
«Հատկանշական է, որ մասնակից թանգարանները հանդես են գալիս ինքնատիպ նախաձեռնություններով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն: Այս միջոցառման նպատակն է վերարժևորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ»,- նշված է հաղորդագրությունում:
«Թանգարանների գիշերն» իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով,
1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: