ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Կայքում հրապարակված նյութում նշված է, որ «Եվրատեսիլ-2016»-ի հայ մասնակիցը «մրցույթի սենսացիան» է։
«Ինչպես և սպասվում էր, Եվրատեսիլի այս տարվա ֆավորիտ է համարվում Ռուսաստանը, որի երգի ողջ ներուժը տեղափոխվեց բեմ՝ բեմադրության տեսքով: Բայց ի դժբախտություն Սերգեյ Լազարևի, երեկոյի սենսացիան դարձավ Իվետա Մուկուչյանը: Արդեն շատերն են Իվետային հնարավոր հաղթող համարում: Նրա բեմական տեսքը ներշնչված էր Բեյոնսեի ոճով, բեմում նրա պահվածքը լի էր ինքնավստահությամբ ու զգացմունքներով: Իվետան պարզ հասկացրեց, որ այս տարվա եվրատեսիլյան լավագույն ձայնն է, եթե միայն դա թույլ տա Ջամալան (Ուկրաինայի ներկայացուցիչը), որի ելույթը կլսենք հինգշաբթի»,- նշված է հրապարակման մեջ։
Մայիսի 10-ին կայացած «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Իվետա Մուկուչյանը կատարեց LoveWave երգը և դուրս եկավ եզրափակիչ։
Առաջին կիսաեզրափակիչում, Հայաստանից բացի, եզրափակիչ անցան Նիդեռլանդները, Ռուսաստանը, Հունգարիան, Խորվաթաիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը, Մալթան, Ադրբեջանը ներկայացնող մասնակիցները։
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 12-ին։ Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին։ Այս տարի մրցույթին ներկայացված են 42 երկրի արտիստներ, ինչը ռեկորդային թիվ է։
«Եվրատեսիլի» հիմնադիր-երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթած երկիրը` Շվեդիան, եզրափակիչ են անցնում ավտոմատ կերպով։
Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):