ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ-2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն այսօր երեկոյան կկատարի LoveWave երգը։ Հինգ բեք-վոկալիստ կձայնակցի նրան։
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է երեկ երեկոյան։ Իվետայի կերպարը հասցրել է գնահատել երաժշտական շոուի ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի հանդիսատեսը։
Հայ մասնակիցը կարմիր գորգի վրայով անցել է նորաձև սպիտակ զգեստով և հայտնվել լուսանկարիչների ուշադրության կենտրոնում։
Իվետան հասցրել է գերել հանդիսատեսի և բուքմեյքերների սրտերը, նրանք երկարոտն ու շնորհալի երգչուհու համար «լավ» արդյունք են կանխատեսում։ Նա հայտնվել է ֆավորիտների ցուցակում։
Ի դեպ, Ստոկհոլմում լրագրողների հետ շփվելիս` Մուկուչյանը ցուցադրել է իր լեզվական հմտությունները և երգել է թե՛ գերմաներեն, թե՛ հայերեն և թե՛ անգլերեն։
LoveWave երգի տեսահոլովակն արդեն շուրջ 3.5 մլն դիտում է ունեցել։
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, երկրորդը` 12-ին։ Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին։ Այս տարի մրցույթին ներկայացված են 42 երկրի արտիստներ, ինչը ռեկորդային թիվ է։
Առաջին փուլում եզրափակիչ հասնելու համար կմրցեն Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ռուսաստանի, Չեխիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Էստոնիայի, Ադրբեջանի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Մալթայի մասնակիցները:
Յուրաքանչյուր կիսաեզրափակիչ փուլից ընտրվելու է 10 մասնակից։ «Եվրատեսիլի» հիմնադիր-երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթած երկիրը` Շվեդիան, եզրափակիչ են անցնում ավտոմատ կերպով։
Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):