ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Իվետա Մուկուչյանը Շվեդիայի մայրաքաղաք կմեկնի սրտնեղած, բայց լավ պատրաստված. նրան շատ է մտահոգում Ղարաբաղում տիրող իրավիճակը։
«Երբևիցե չէի մտածի, որ այսքան հավասարակշռված կլինեի վերջին օրերին։ Բացարձակ լարված չեմ։ Բեմում, ինձանից բացի, 5 բեք վոկալիստ կլինի, և ես կարծում եմ, որ հենց նրանք ինձ կօգնեն ելույթիս ընթացքում», — լրագրողներին ասաց Մուկուչյանը։
Նա հայտնեց, որ իր ելույթի նախապատրաստական հարցերում իրեն օգնել շվեդ ռեժիսոր է օգնել։ Խոստացավ, որ հանդիսատեսը գրաֆիկական և հատուկ էֆեկտներով հագեցած շոու է դիտելու։
Մուկուչյանը խոստովանեց, որ այն ամենն, ինչ հայրենիքին է վերաբերվում, նրա մեջ հաճելի անհանգստություն է արթնացնում։ Երգչուհին ավելացրեց, որ արդեն գիտի, թե հետագայում ընկերներին ինչ տեսարժան վայրեր է ցույց տալու։
«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն իր հերթին նշեց, որ Իվետան վճռական է տրամադրված, և անկախ նրանից, որ Լեռնային Ղարաբաղի դրոշն արգելել են ցուցադրել (միջոցառման կազմակերպիչների ջանքերի շնորհիվ), այնուամենայնիվ հայկական պատվիրակությունը դրոշն իր հետ կտանի։
Գասպարյանն ավելացրեց, որ հայկական պատվիրակության համար այդ մրցույթը հայ ժողովրդին հպարտություն և ուրախություն պարգևելու ևս մեկ առիթ է։
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթը անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մայիսի 10-ին նախատեսված առաջին կիսաեզրափակիչ փուլում և հանդես կգա 7-րդ համար ներքո։
Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):