ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մարզչական փոփոխությունները ֆուտբոլում սովորական երևույթ են: Երբ թիմը արդյունք չի կարողանում ապահովել, առաջինը տուժում է մարզիչը: Բայց այդ դեպքում, երբ մարզիչն արդյունք է ապահովում, ինչու՞ է հեռացվում մարզիչը: Նկատի ունենք 2011 թվականի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչում «Միկան» հաղթանակի հասավ, բայց գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը մոտ մեկ ամիս անց պաշտոնանկ արվեց: Հաղթում է թիմը, պարտվում` մարզիչը: Սա հայտնի խոսք է ֆուտբոլում, բայց 2011 թվականին Շահգելդյանը չէր պարտվել: «Միկայում» պարզապես ավանդույթ է դարձել մրցաշրջանի ընթացքում մարզչին փոխելը: Ընդ որում, եղել են դեպքեր, երբ մեկ մրցաշրջանի ընթացքում մարզչական բազմաթիվ փոփոխություններ են եղել թիմում:
Խնդիր կա, անկասկած, բայց ոչ մի բացատրություն: Իր գոյության ժամանակահատվածում «Միկայում» 17 տարվա ընթացքում 21 մարզիչ է փոխվել: Ու պարզ է, որ յուրաքանչյուր մարզիչ, գալով թիմ, սկսում է նոր թիմ կառուցել:
Հայաստանի առաջնություններում «Միկան» համարյա միշտ էլ պայքար է մղել մրցանակային տեղերի համար, իսկ գավաթի խաղարկություններում վեց անգամ հաղթող է դարձել: Այսինքն, եթե թիմում մի փոքր կայունություն ապահովվեր, կարելի էր սպասել և ավելի մեծ հաջողությունների՝ մասնավորապես առաջնություններում, որտեղ «Միկայի» ամենամեծ հաջողությունը երկրորդ տեղն է եղել:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Միկան» հայտնվեց ծանր ֆինանսական վիճակում, թիմը զրկվեց իր ստադիոնից, բոլոր ֆուտբոլիստները հեռացան: Հեռացան նաև մարզիչները: Հարցականի տակ դրվեց ակումբի գոյությունն ընդհանրապես: Անկասկած, սա մեծ մասշտաբի ցնցում էր ակումբի համար: Բայց հետագայում «Միկան» հայտ ներկայացրեց` իր ելույթները բարձրագույն խմբում շարունակելու համար: Պարզվեց, որ «Կվազար» ֆուտբոլային ակումբի խաղացողների միջոցով կազմավորվելու է նոր թիմը, որի միայն անունը մնաց անփոփոխ:
«Միկայի» կազմում ընդգրկվեցին բացառապես երիտասարդ ֆուտբոլիստներ, ընդ որում թիմում էականորեն նվազեց հայ ֆուտբոլիստների թիվը: Ստացվեց նոր «նախագիծ» հայկական ֆուտբոլում: Իսկ միլիոնների խաղում նման նախագծերը կամ հաջողություն ընդհանրապես չեն ունենում կամ էլ պետք երկար սպասել ու այդ ընթացքում մեծ ներդրումներ կատարել:
Ներդրումների մասին խոսել չենք կարող, քանի որ թիմում ֆինանսական կողմը, ինչպես և ֆուտբոլիստների խաղը, այդպես էլ չկայունացավ: Գլխավոր մարզիչ հրավիրվեց Սերգեյ Յուրանը` ֆուտբոլում հայտնի անհատականություն։ Բայց նա հաջողությունների է հասել միայն որպես ֆուտբոլիստ: Մարզչական աշխատանքում նա չի կարող հպարտանալ բարձր արդյունքներով:
Հետաքրքիր է, որ շատ թիմերում, որտեղ աշխատել է Յուրանը, ֆինանսական խնդիրները պատճառ են հանդիսացել նրա հեռանալուն: Այդպես է եղել Լատվիայում «Դիտոն» թիմում, Յարոսլավլի «Շիննիկում», Կալինինգրադի «Բալթիկայում»: Հիմա էլ «Միկան»: Ընդ որում, Յուրանի պայմանագիրը «Միկայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 1-ը:
Կարելի է ենթադրել, որ Սերգեյ Յուրանն ու «Միկան» հիմնականում շեշտը դրել էին գավաթի խաղարկությունում վերջնական հաղթանակի հասնելու վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն խմբի առաջնությունում «Ուլիսը» 2016 թվականից դուրս է մնացել մրցաշարից, աղյուսակը փաստացի եզրափակում էին «Բանանցն» ու «Միկան»: Ասինքն, այս երկու թիմերը ոչ մի շանս չունեն մրցանակային եռյակում տեղ գտնելու համար: Հետևաբար Եվրոպա դուրս գալու և գումար վաստակելու միակ տարբերակը գավաթի խաղարկությունում հաղթելն էր:
«Բանանցը» մրցակցից տարբերվում է իր ֆինանսական կայունությամբ և ներդրումներով, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելը թիմի գերխնդիրն էր: Միայն այս տարբերակով թիմի ղեկավարությունը որոշակի բավարարվածություն կստանար իր գործունեության առաջին տարին անցկացնելու հետո: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ «Բանանցում» այս հաղթանակը իրոք կարող է նոր խթան հանդիսանալ ակումբի համար ու նոր վերելք ապահովել: Իսկ «Միկայի» պարագայում հաղթանակը մխիթարություն էր լինելու: Բայց թիմը փաստացի պարտվեց ու զրկվեց նաև այն գումարից, որը հատկացնում է ՈւԵՖԱ-ն Եվրոպայի ակումբային մրցաշարերին մասնակցելու համար:
Յուրանը հեռացավ, ու ակումբում նրա հեռանալը պաշտոնապես ձևակերպվեց որպես երկկողմանի համաձայնություն: «Միկայից» հեռացավ նաև Խորեն Հովհաննիսյանը: Այս դեպքում նշվեց, որ Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվել է այլ աշխատանքի: Ու հիմա «Միկայի» մարզումներն անցնում են Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ: Շահգելդյանը «Միկայում» ամեն ինչին էլ շատ լավ ծանոթ է: Բացի այդ, նա թիմին հաղթանակների հասցնելու փորձ ու հմտություններ էլ ունի: Սակայն նորից հարց է առաջանում: Արդյո՞ք «Միկայի» ֆինանսական ճգնաժամը կավարտվի: Միայն դա կարող է թիմին փրկել ներկա ծանր իրավիճակից: Բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնացել է չորս տուր, այսինքն, «Միկան» ավարտին կհասցնի այս մրցաշրջանը, բայց կսկսի՞ հաջորդը: Սպասենք ու հուսանք: